Արամ Հայկազ. Ցեղասպանության ականատեսն ու վավերագիրը

Արամ Հայկազ. Ցեղասպանության ականատեսն ու վավերագիրը

Այն օրերուն վրանաքաղաքին մէջ լուր էր տարածուած, թէ կարգ մը մարդեր իրենց մեռելները եփելով՝ կ’ուտեն: Կը սարսափէի` մտածելով, որ մենք ալ պէտք է այդպէս ընենք, եթէ կ’ուզենք դեռ ապրիլ… Բայց թոռնուհիիս բան չէի ըսած, իսկ ան, շուքին տակ պառկած, գիտէի թէ իր վերջին օրերը կ’ապրէր։ Իրիկուն մը գլխով նշան ըրաւ, որ իրեն մօտենամ. ծռեցայ վրան ու գուրգուրանքով իր գանկը առի ափերուս մէջ.

– Մեծ մայրիկ,– ըսաւ մեծ ճիգով մը,– երբ ես մեռնիմ, մարմինս մէկուն մի՛ տար, դուն մինակդ կեր…։

Արևմտահայ գրողներից ոչ բոլորն են մեր օրերում նույն չափ հայտնի, որքան, ասենք, Դանիել Վարուժանը: Բայց կա մեկն, ով այդպես էլ մնաց ստվերում՝ չհասկացված, ու ապրեց ցեղասպանության ցավը սրտում ու վիշտը՝ գրչից կախված:

Արամ Հայկազ (Արամ Չեքենյան)

Արամ Չեքենյանի մասին չգիտեմ՝ քանիսը գիտեն այսօր, բայց նրա բոլոր գործերում կարմիր թելի պես նկատելի է Հայող ցեղասպանությունից մնացած բաց ու մրմռացող վերքը:

Արամ Չեքենյանը ծնվել էր Շապին-Գարահիսարում: 1915-ին, երբ թուրքերը սկսում են հայերի զանգվածային ոչնչացումը, թուրքական զորքը հասնում է քաղաք: 5000 հայ բնակիչ այրում է իրենց տներն ու դաշտերը և բարձրանում լեռը, որի գագաթին հռոմեական հին բերդի մնացորդներն էին։ Այս դեպքը հայտնի է՝ որպես Շապին Գարահիսարի ապստամբություն։ Հայերն այնտեղ շուրջ մեկ ամիս պայքարեցին, բայց մեծ մասն, ի վերջո, սովամահ եղավ կամ սպանվեց։ Արամ Հայկազի եղբայրները, հայրը սպանվածների թվում էին։ 15-ամյա Արամն ու մայրն աքսորվեցին: Բայց փրկվեց միայն Արամը՝ առերես Իսլամ ընդունելով: Այդ տարիների մասին նա պատմել է իր «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ»-ում:

ՇԱՊԻՆ ԳԱՐԱՀԻՍԱՐ․ Լեռան գագաթին երեւում է հինավուրց բերդը

Անգամ մը՝ գարնան, երբ դեռ նոր յայտարարուած էր պատերազմը, գիւղին մէջ երիտասարդ չմնաց: Ոգեւորութիւնը մեռաւ. սուգը ներս մտաւ տուներէն, ու դաշտերուն մէջ աշխատանքը սպանուեցաւ:

1919-ի մայիսին Արամը փախչում և հանգրվանում է Պոլսում, որտեղ միանում է հորաքրոջը, որոշ ժամանակ մնում ամերիկյան միսիոներական որբանոցում, ապա վերջապես հասնում ԱՄՆ: Հենց այստեղ սկսվում է ամերիկահայ գրող Արամ Հայկազիի գրական գործունեությունը: Ի դեպ, Հայկազ էր նրա 2 տարով մեծ եղբոր անունն է՝ թուրքերի ձեռամբ սպանված:

Հազար ինը հարիւր տասնեւհինգ՝ գարնանավերջն էր, հաւանաբար յունիս ամսու 29րդ օրը, երբ մեզ ճամբայ հանեցին մօտակայ գիւղը, բայց ճամբան սուիններով ստիպեցին ուղղութիւնը փոխել ու անցնիլ զօրանոցին առջեւէն, ուր մեզ վերստին քննութենէ անցուցին ու ինձմէ երկու տարու մեծ եղբայրս վար դնելով՝ գնդակահարեցին:

Նա ժամանակի ամենահայտնի հայ գորղներից է եղել. Ժամանակաիցները նրան «կարոտի գրականության» ներկայացուցիչ են համարել: Որքան էլ գրական քննադատները պնդեն, որ նրա գործում լավատեսություն ու հույս կա, քիչ չեն նրա պատումները ցեղասպանության ժամանակ իրեն հանդիպած հայերի մասին, որոնք մորթվել են իր աչքի առաջ:

Ցեղասպանությունը հաղթահարած շատերը որոշ ժամանակ անց խելագարվում կամ մեռնում էին թոքերի ու երիկամների հիվանդություններից: Սակայն նա բավականին երկար ապրեց, ամուսնացավ ցեղասպանությունից փրկված հայուհու հետ, ունեցավ որդի ու դուստր: Մահացավ 85 տարեկանում՝ թոքաբորբից:

Ես վերջացուցի: Հիմա կը յուսամ, թէ կը հասկնաք, թէ ինչո՞ւ չենք կրնար մոռնալ 1915 թուականն ու թուրքը…

Հետևեք մեզ նաև Telegram-ում