Չարենց. անհաս փառքի ճամփա…
Նմանատիպ
Աշուղ Սայաթ–Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր–ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ…
Այս քառատողը Եղիշե Չարենցի «Տաղարան»-ից է՝ Սայաթ–Նովայի բառարանով:
Ասել, որ շարքը Չարենցի գրական ժառանգության լավագույն գործերից է, կնշանակի ոչինչ չասել: «Տաղարան»-ը պարզապես բանաստեղծական շարք չէ, այն պատմություն է, որն ունի նույնիսկ գլխավոր հերոս՝ տաղասացը: Շարքում տաղասացը բազմիցս հիշատակում է Սայաթ–Նովային, գովերգում նրա սազն ու հենց նրա սազում էլ երգում սերը, բլբուլին, աշխարքի ցավն ու հոգսը, մարդու կյանքը: Այսպիսով, նա ոչ թե նմանակում է Սայաթ–Նովային, այլ ցույց տալիս՝ որքան աննման են Սայաթ–Նովայի սազն ու իր գրիչը:
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։
Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։
Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։
Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
Չարենցը կնոջ՝ Արփենիկի «անուշ, ազիզ տեսքով հարբած» է գրել այս շարքը:
Արփենիկին են նվիրված նաև «Էպիքական լուսաբացը» ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում» բանաստեղծությունները։
Արփենիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին Չարենցը գոռացել ու ողբացել է։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանաստեղծություններ է թաղել։
…Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած–գինեմոլ, հարբեցող–հիմար է, ասին։
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին…
Սիրուց ծնված «Տաղարան»-ում, իհարկե, չէր կարող չարտացոլվել պոետի սերն առ հայրենիք: Նրա բանաստեղծություններից մեկը գրական քննադատները համարում են հավերժական պատեհությամբ ու հույսով տաղ:
Հազար ու մի վերք ես տեսել, – էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, – էլի՛ կը տեսնես։
«Տաղարանն» ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ: Եթե նույնիսկ երբեք Չարենց կարդացած չլինեք, այս գործը հաստատ կիմանաք: Ժամանակների միջով անցնող, բայց ժամանակի հետ առավել քաղցրացող այս տաղը Չարենցի եթե ոչ լավագույն, ապա լավագույն ստեղծագործություններից մեկն է:
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Այս բանաստեղծությունը շարքի ամենահայտնին է՝ թարգմանված շուրջ 35 լեզվով: Մինչև օրս քննարկվում է՝ Չարենցն արևահամ բա՞ռն է սիրում, թե՞ բարը: Բայց ի՞նչ էական է. Չարենցի նման նվիրյալները Հայաստանի և՛ բառն են սիրում, և՛ բարը:
«Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին…» Դա մեր այսօրվա աղոթքն է: Աղոթք, որը կարելի է թե՛ մտքում հյուսել, թե՛ մրմնջալ շշուկով, թե՛ արտասանել բարձրաձայն: «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա–Ուրարտու–Արմենիա երկրի համապարփակ պաննո–դիմանկարն է: Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է…» – Մարտիրոս Սարյան
«Չարե՜նցը, Չարե՜նցը… «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում…»: Անոր չհանդիպած՝ գիտէի արդէն իր այս քերթուածը: Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամէն մէկ բառը բացատրել տուած էի ու գրեթէ գոց սորված: Զայն մինչեւ այսօր կը նկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմութեան նուիրուած ամէնէն գեղեցիկ երգը: Գովաբանման աղօթքը, «Հայր մեր» –ին նմանվող աղօթք մը» – Վիլիամ Սարոյան
Աղոթքի պես զորեղ ու կենարար «Ես իմ անուշ Հայաստանի»-ն մինչ օրս հնչում է աշխարհում: Սա իսկական հեղափոխություն էր հայ գրականության մեջ կամ, ինչպես Սևակն է ասել՝ «հեղափոխական, այսինքն՝ նորարար»:
Նրա նման հանճարներին, սակայն, միջակությունները չեն սիրում: Անուշ Հայաստանի ու սիրո տաղերգուն մահանում է Երևանի բանտում:
«Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ», – գրված էր մահվան արձանագրության մեջ, որից պարզ է դառնում՝ Չարենցն իր մարմնին է դաջել անգամ իր մեծ սիրո ու «Տաղարան»-ի հասցեատիրոջ՝ Արփենիկի մահվան տարեթիվը:
Արփենիկը թաղված էր Մլեր գերեզմանոցում, որը հիմա Կոմիտասի այգին է: Մլերի քանդումից հետո ո՞վ գիտի ուր է նրա աճյունը… Նույն կերպ ո՞վ գիտի՝ որտեղ է իր վերջին հանգրվանը գտել բոլոր ժամանակների հանճարեղ պոետներից մեկը: Եվ գուցե նա անմահ է ու թափառում է ժամանակների մեջ, աշխարհում, ինչպես իր պոեզիան:
Եվ ընկնեմ երբ ես՝ իմ սրտից զարկած —
Կմեռնես ինձ հետ ժպիտով հանգիստ,
Եվ կցրտանա քնարդ հանգած՝
Մեռնելուց առաջ մի վերջին անգամ
Ողջույն հնչելով ապագա կյանքին…
Հետևեք մեզ նաև Telegram-ում