Ինչպե՞ս է ներկայացված հայկական պետությունների շահը Մեծ Բրիտանիայում

Վերջերս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միայալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը պատասխանել է BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակցի հարցերին: Լրագրողի ուշադրության կենտրոնում էին գտնվում հիմնական երկու հարց՝ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Պաշտպանության Բանակի ռազմական շքերթն ու «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հայկական կողմի որոշումը: Թվում է, թե տիկին դեսպանին հիանալի առիթ էր ընձեռնվել ի լուր աշխարհի ներկայացնելու ադրբեջանական ագրեսիայի դեմ ուղղված հայկական երկու պետությունների վիթխարի ջանքերն ու ձեռքբերումները, խոսել Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների և այլնի մասին: Բայց… պարզվեց, որ Կարինե Ղազինյանը ոչ միայն չի կարող կառուցել հույզերից զուրկ, հավասարակշռված դիվանագիտական խոսք, այլև տեղյակ չէ արցախյան գոյամարտի  անցյալ և ներկա փուլերի մանրամասներից:

Ցավոք, հայ դիվանագետների պրոֆեսիոնալ պատրաստվածության խնդիրը մեկ անգամ չէ, որ հայտնվել է լրատվամիջոցների և լայն հանրության ուշադրության կենտրոնում: Մեկնելով դիվանագիտական ծառայության՝ Հայաստանի ներկայացուցիչները, կարծես, կենտրոնանում են ոչ թե երկրի օրհասական խնդիրների, այլ ինչ-որ երկրորդական և երրորդական նշանակություն ունեցող հարցերի վրա: Սակայն որքանո՞վ է ընդունելի այս իրողությունը ՀՀ արտաքին գերատեսչության համար: Միթե՞ հնարավոր չէ արտասահմանում Հայաստանը ներկայացնող դիվանագետներին «զինել» համապատասխան գիտելիքներով և տեղեկատվությամբ: Հարցերն ամենևին հռետորիկ չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում