Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21․2 տոկոսով (309․9 լարիով) և կազմել 1773․7 լարի։

Geostat-ի փոխանցմամբ՝ ըստ գործունեության տեսակների՝ համեմատաբար բարձր աշխատավարձեր են արձանագրվել հետևյալ ոլորտներում.

  • տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 3 672․6 լարի,
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 2 726․7 լարի,
  • մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 2 455․1 լարի:

Տեղեկության համաձայն, 2022 թվականի 4-րդ եռամսյակում կանանց միջին աշխատավարձը սահմանվել է 1 411.7 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2 123.2 լարի։ Կանանց աշխատավարձի տարեկան աճը կազմել է 258.0 լարի (22.4 տոկոս), իսկ տղամարդկանցը՝ 355.3 լարի (20.1 տոկոս)։ Ըստ գործունեության տեսակների՝ տղամարդկանց աշխատավարձը գրեթե բոլոր ոլորտներում ավելի բարձր է եղել, քան կանանցը։

«2022 թվականի 4-րդ եռամսյակում բիզնես ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 313.2 լարիով (19.6 տոկոս) և կազմել 1 911.1 լարի։ 2022 թվականի 4-րդ եռամսյակում ոչ ձեռնարկատիրական և ֆինանսական հատվածում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 272.4 լարիով (21.8 տոկոս): Միջին աշխատավարձի չափով առաջատարներ են Թբիլիսին և Մցխեթա-Մթիանեթի շրջանը»,- նշված է տեղեկատվության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում