Ս.Սարգսյանը և Արգենտինայի նորանշանակ դեսպանը կարևորել են երկկողմ կապերի ամրապնդումը
01/06/2012 16:49
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, տեղեկացնում են նախագայի մամլո ծառայությունից:
Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը:
Նախագահը և դեսպան Ալվարես Ռիվերան գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության և վստահության վրա հիմնված համագործակցության մասին:
Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու և հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում