Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Աղջոց վանքը հիմնահատակ քանդվելու վտանգի եզրին է

Իր ճարտարապետական ուրույն ձևով առանձնացող Աղջոց վանքն ամբողջությամբ քանդվելու վտանգի առջև է։ Վանական համալիրը գտնվում է Արարատի մարզում՝ Գեղարդից 7 կմ դեպի հարավ: Ավանդույթի համաձայն Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին Տրդատ III թագավորի հալածանքներից փախած և այստեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում հիմնել է կուսանաց վանք:

Վանական համալիրը, որը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում, կազմված է եկեղեցիներից, գավիթից, վանականների շինությունից և գերեզմանոցից: Եկեղեցիներից ամենախոշորը Սբ. Պողոս-Պետրոսն է, որի մուտքի երկու կողմերում արված են Ս. Պողոս և Ս.Պետրոս առաքյալների բարձրաքանդակները:

XIII դ. Աղջոց վանքը, որը կրում է Սբ. Ստեփանոսի անունը, որպես նվեր ստացել է հողեր, այգիներ, դրամ: Վանքում XV դ. գրվել են ձեռագրեր (Ավետարաններ, Ճաշոց, Խազգիրք): Աղջոց վանքում են պահվել ս. Ստեփանոս քահանայի Աջը և Արիստակես Ա Պարթևի Աջը: XVII դ. սկզբին, շահ Աբբասի արշավանքի ժամանակ, Աղջոց վանքը կողոպտվել է, Արիստակես Ա Պարթևի Աջը հափշտակվել ու տարվել Թավրիզ, որտեղ այն հետ է գնել բաղիշեցի մի հայ վաճառական և վերադարձրել Աղջոց վանքին (մասունքն այժմ գտնվում է Ս. Էջմիածնում):

Աղջոց վանքում կան Հին և Նոր կտակարանների թեմաներով կատարված արժեքավոր պատկերաքանդակներ: Բազմազան են եկեղեցու զարդաքանդակները` բուսական, երկրաչափական մոտիվներով, իրականացված մեծ վարպետությամբ ու բարձր արվեստով:

Աղջոց վանքը, ինչպես հայկական վանքերից շատերը, քանդվել է 1679թ. Գառնիի երկրաշարժի ժամանակ: Բայց այն նորից վերակառուցվել և գործել է մինչև XVIII դարի կեսերը` մինչև լեզգիների վերջին արշավանքը, որից հետո այն լքվել ու ամայացել է:

Վանքային համալիրը ներկայուս ընդգրկված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն գտնվում է բարձիթողի վիճակում և փոքր ցնցումից կարող է հիմնահատակ փլուզվել։ Այն երբեմն ենթարկվում է վանդալների հարձակումների։ Պատերի բազմաթիվ անկյուններում հանդիպում են մերօրյա գրություններ, որոնք աստիճանաբար ծածկում են բազմադարյա արձանագրությունները։ Խաչքարերի մեծ մասը վառված են և պատված մրի ու հալված մոմի հաստ շերտով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում