Նար Հովհաննիսյան` համաշխարահային oպերայի զորավարն ու հայրենիքի զինվորը

Նար Հովհաննիսյան` համաշխարահային oպերայի զորավարն ու հայրենիքի զինվորը

«Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան»ՆարԴոս «Ես և նա»

Նար-Դոսը հայ գրականության մեջ «կորած մարդ» չէր: Նրա պատմվածքներն ու վեպերը իրենց արդիականությունն ու հմայքը չեն կորցրել նաև մեր օրերում:

«Դժբախտաբար կյանքը հեքիաթ չէ, բարեկամ, և այս տրագեդիան հենց այն բանի հետեւանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել»ՆարԴոս «Սպանված աղավնի»

Կյանքը զվարճալի հեքիաթ չէ, բայց այս անգամ պատմելու եմ ոչ թե գրող դարձած բրդավաճառի տղայի մասին, այլ գրողի երգիչ որդու մասին:

Նար-Դոսը երկու զավակ է ունեցել՝ Հասմիկը և Նարը: Նա որդուն իր գրական կեղծանվան մի մասն է տվել և ակնկալել, որ որդին էլ պետք է գրականության ու արվեստի մարդ դառնա և…դառնում է:

Ժամանակին Երևանում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում, բացառիկ աստղաբույլի կարելի էր տեսնել՝ Շարա Տալյան, Պավել Լիսիցյան, Ավագ Պետրոսյան, Գոհար Գասպարյան, Հայկանուշ Դանիելյան, Նար Հովհաննիսյան և այլք:

Նար Հովհաննիսյանի դերացանկը հիմնականում առանձնանում էր գլխավոր դերերով: Նրա հարուստ ու գեղեցիկ ձայնն անտարբեր չէր թողնում համաշխարհային օպերայի խստաբարո ու պահանջկոտ հանդիսատեսին: Նա պահանջված արտիստ էր և Եվրոպայում, որը օպերային արվեստի էպիկենտրոնն էր, և տարածաշրջանում, և Նահանգներում:

«Մելիք Փաշաեւն ինձ հրավիրել էր Մոսկվայի Մեծ թատրոն: Հենց նույն օրերին հրավեր էի ստացել նաեւ Երեւանից: Ես գերադասեցի Հայաստանը: Չեմ սխալվել, որ եկել եմ Երեւան: Թեեւ Մեծ թատրոնում Հայաստանի համար ավելի շատ գործ կկատարեի: Բայց, այնուամենայնիվ, եկա Երեւան եւ ուրախ եմ, որ ծառայել եմ իմ ժողովրդին»Նար Հովհաննիսյան

Պարզվում է՝ Նար Հովհաննիսյանը հորից ժառանգություն է ստացել ոչ միայն անունն, այլ նաև շնորհը: Նա իր հուշերում պատմել է, որ հայրը փափուկ բարիտոն է եղել, սիրել է երգել և լսել երաժշտություն:

«Հայրս ուրախանում էր, որ ես երգում էի: Նա է եղել իմ առաջին խորհրդատուն և ոգևորողը» – Նար Հովհաննիսյան

Հայաստանի և ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը ծնվել է 110 տարի առաջ Մարտի 30-ին: Այսօր աշխարհի բեմերում փայլում են հեղինակավոր բասի սաներն ու ուսանողները, որոնք էլ սերունդներին են փոխանցելու սիրված ու բազմաշնորհ արտիստից ստացած գիտելիքները:

Ա.Տիգրանյան «Դավիթ Բեկ» օպերա․ Նար Հովհաննիսյան

Նա համոզված էր, որ արտիստը բեմի ու մշակույթի զինվորն է, իսկ իր զենքը երգն էր…բայց եթե հարկ լինի, պետք է իջնի բեմից ու երգի փոխարեն զենքով պաշտպանի հայրենիքը: Այդ հարկը նրա կյանքում եղավ. նա ինքնակամ մասնակցել է հայրենական պատերազմին, որից վերադարձել է ու շարունակել ծառայությունը արվեստի ոլորտում: Նա գիտեր, որ արվեստի մարդիկ երբեք չեն մեռնում: Չէ՞ որ անմահ է Արմեն Տիգրանյանն իր, ասենք,  «Դավիթ Բեկ»-ով, այդպես էլ իր դերերգերով ու թեկուզ հենց Դավիթ Բեկ դերերգով անմահ է Նար Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում