Որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Sputnik Արմենիա

Որքան տարածք է օկուպացրել Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Sputnik Արմենիա

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հայկական տարածքների չափի վերաբերյալ հստակ տվյալներ հայտնել՝ չնայած իշխանությունների հակասական հայտարարություններին:

Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ հղում անելով պաշտոնական հարցմանն ի պատասխան ստացված Պաշտպանության նախարարության պարզաբանմանը։

«Հայտնում ենք, որ Ձեր 2022 թվականի հոկտեմբերի 4-ի նույնաբովանդակ հարցմանը տրվել է պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության 2022 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ»,- ասված է գերատեսչության պատասխանում՝ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի ստորագրությամբ:
2022 թվականի հոկտեմբերին Sputnik Արմենիայի համանման հարցմանը ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 17-րդ հոդվածը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը (տվյալները պարունակում են պետական կամ ծառայողական գաղտնիք), ինչպես նաև կառավարության 1998 թվականի թիվ 173 որոշմամբ հաստատված ցանկի պահանջները (տվյալները վերաբերում են զինված ուժերի ռազմավարական տեղակայմանը, դրանց թվին, կազմին, ինչպես նաև ռազմաքաղաքական և օպերատիվ տեղեկատությանը):
Ավելի վաղ ՊՆ-ն հրաժարվել էր տրամադրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցի քննության ընթացքում ցուցադրված քարտեզը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի Տեղ գյուղի շրջանում ադրբեջանական զինուժը 100-300 մետր առաջխաղացում է գրանցել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում