Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփն» ու պատմությունից չքաղած դասերը

Խրիմյան Հայրիկի  «երկաթե շերեփն» ու պատմությունից չքաղած դասերը

«Սիրելի և օրհնված հայեր, երբ վերադառնաք հայրենիք, որպես նվեր ձեր ընկերներին ու բարեկամներին մեկական հատ հրացան տարեք:  Ժողովուրդ, ամեն բանից առաջ ձեր ազատության հույսը ձեր վրա դրեք, ձեր մտքի և ձեր բազկի ուժի վրա: Մարդը պիտի ճգնի իրեն փրկելու համար»։

Սա թերևս երբեք չհնացող պատգամ է հայի բոլոր սերունդներին: Սա մի հայի կարճ ուղերձ է, որը պատմական բարդ ժամանակաշրջանում մտավ հայոց պատմության մեջ ու իր անվամբ պատմություն կերտեց:

Մկրտիչ Խրիմյան (Խրիմյան Հայրիկ)

Խրիմյան Հայրիկը մեր եկեղեցու 125-րդ կաթողիկոսն է: Նա սովորական հոգևորական չէր: Նրան բարդ ժամանակաշրջան էր բաժին հասել, որը, սակայն, նա պատվով հաղթահարեց:

Խրիմյան Հայրիկի խոսքն ու գործունեության արժևորումը հիմա առավել քան կարևոր է ու անհրաժեշտ:

Խրիմյան Հայրիկի կենսագրության մեջ առանձնակի էջ է Բեռլինի կոնգրեսը, որի շրջանակում Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»:

Բեռլինի դաշնադրությունում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի փոխարեն մտցվել է նոր հոդված՝ 61-րդը, որտեղ ասված էր հետևյալը. «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։ Սակայն այդ հոդվածի իրագործման հսկողությունը դրվում էր վեհաժողովի մասնակից բոլոր պետությունների վրա, ինչը վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։ Վեհաժողովը պարտավորեցնում էր Ռուսաստանին իր զորքերն անհապաղ դուրս բերել գրավված տարածքներից և ոչ մի երաշխիք չէր տալիս 61-րդ հոդվածի կենսագործման համար։ Բացի այդ, «Հայաստան» բառը փոխարինվում էր «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում էր այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից:

Կոնգրեսում հասկանալով, որ տերությունները երկդիմի քաղաքականություն են վարում, իսկ Հայաստանի ու հայերի հարցը նրանց չի հուզում, Խրիմյան Հայրիկը նկատեց.

«Անտեղի, իգուր էին հայերի հույսն ու հավատը՝ թե եվրոպական քաղաքակիրթ տերությունները թույլ չեն տա հերթական անգամ ոտնահարելու արդարությունը, որ քաղաքակրթությունն ու մարդասիրությունը ավելի շպար, դիմակ են՝ քողարկելու համար դիվանագետների հոգեկան ամլությունը։ Ուրիշ ժողովուրդներ այնտեղ ապուրը երկաթե շերեփով էին ճաշակում, այնինչ Հայաստանի շերեփը թղթից էր»

Մենք այսօր էլ հույս ենք դնում միջազգային հանրության բարեխղճության, մարդասիրության ու հայ ազգին գնահատելու վրա, կարծում ենք՝ աշխարհը պարտական է մեզ, որովհետև ցեղասպանվել ենք կամ առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, մինչդեռ մեր հազարամյակների պատմությունից ոչ մի անգամ հետևություն չենք անում հասկանալու՝ մինչև թղթե շերեփը չփոխենք երկաթե շերեփով, ապուրից օգտվել չենք կարող:

«Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին»:

Առավել քան երբևէ հիմա ու միշտ Խրիմյան Հայրիկի այս խոսքերը պետք է դառնան կյանքի ու գործունեության կարգախոս մեր ազգի ու պետական այրերի համար, եթե իհարկե հայրենիքի գիտակցում, հայրենիքի նկատմամբ սիրո ու պարտքի զգացում կա, այլապես որն է մեր ազգի գոյության իմաստն ու հանուն ինչի է մեր ազգի պայքարը երեկ, այսօր, վաղը:

Ապրիլի 4-ը Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է: Չգիտեմ՝ ընթերցողներից քանիսն են երբևէ այցելել նրա գերեզմանին, բայց ասեմ՝ հայրենիքի անձնուրաց նվիրյալի վերջին հանգրվանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում է: Հենց թեկուզ առաջիկա տոնին՝ Սուրբ Հարությանը, այցելեք հոգևոր մայրաքաղաք, այցելեք Խրիմյան Հայրիկի գերեզմանին ու առհասարակ Էջմիածնի վանական համալիրներին կից գերեզմանների արանքով գոնե տապանագիր առ տապանագիր կարդալով անցեք. այնտեղ անթիվ կարևոր ու արժանավոր հայերի անուններ կտեսնեք:

Ի դեպ, մի անգամ Խրիմյան Հայրիկը Տաթևից Հալիձոր գնալու ճանապարհին նստել, հիացել է տարածքի շքեղ  բնապատկերով: Այնտեղ, ի հիշատակ Հայոց 125-րդ կաթողիկոսի, հսկա քար են կանգնեցվել՝ «Հայրիկի քարը»: Այն ընդգրկված է Հալիձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այժմ, երբ չգոյության վտանգ է կախված մեր ազգի ու հայրենիքի գլխին, օրհասական  է կարդալ իսկական հայերի ուղերձներ: Պատմության դասերից անդին՝ այսպիսի անհատների խոսքերը գուցե մեզ այլևս կյանքի դաս չեն, բայց փաստ է մի բան, մեկն էլ հենց Խրիմյան Հայրիկը շատ լավ հասկացել էր միջազգային հանրության վարքագիծը, տրամադրությունները, երկդիմի վարքը, իսկ հայը պետք է ոչ թե հույսն ուրիշի վրա դնի, այլ պինդ կպնի իր հողին, որովհետև հայրենիք է յուրաքանչյուր հողահատիկը, եթե զիջում ես մեկը, կորցնելու ես ամբողջը:

«Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայն իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է: Կենաց և մահու օր պինդ գրկե հողն»

Վարդգես Սուրենյանց «Խրիմյան Հայրիկի դիմանկարը»

Վարդգես Սուրենյանց․ «Խրիմյան Հայրիկի դիմանկարը»

Հ.Գ. – Երեկ պատմել եմ ազգային պատմանկարչության հիմնադիրն Վարդգես Սուրենյանցի մասին: Նրա ամենահայտնի պատմական կտավներից մեկը Խրիմյան Հայրիկի դիմանկարն է: Ի դեպ, մեկ այլ հանճարեղ հայի՝ Մակար Եկմալյանի մշակած պատարագը հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես ընդունել է հենց Խրիմյան Հայրիկի հատուկ կոնդակով:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում