ՍԱՏՄ-ն բանակցում է հայկական կաթնամթերքի ներմուծման ռուսական արգելքը վերացնելու շուրջ
Նմանատիպ
Հայաստանն ամեն ինչ անում է, որ հնարավորինս արագ վերականգնվի հայկական կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելքը։
«Ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և դրանք միտված են նրան, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,–ասաց Հարությունյանը։
Հարցին, թե արդյոք հնարավոր է բանակցությունների հետևանքով վերանայվի Հայաստանում արտադրվող կաթնամթերքի մեջ իրանական հումքի օգտագործումը, Հարությունյանը նշել է, որ դա ևս կհստակեցվի։
«Խոսքն իրանական ամբողջ հումքի մասին չէ, այլ իրանական մի քանի կազմակերպությունների։ Կարծում եմ` բանակցությունների ընթացքում դա կհստակեցվի»,–ասել է նա։
Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրելու է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների կիրառման հարցը հայկական կողմի սահմանափակող միջոցների վատ վերահսկողության և խախտումների պատճառով։ Նշվում էր, որ Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրած հումք են օգտագործում, որի նկատմամբ Ռոսսելխոզնադզորը սահմանափակող միջոցներ է կիրառել։