Մարաղա. «Սովորական» դարձած ցեղասպանություն

Մարաղա. «Սովորական» դարձած ցեղասպանություն

1992-ի ապրիլի 10-ն էր: Ոչինչ չգուժող սովորական գիշեր էր մոտ 5000 հոգի՝ մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Մարաղա գյուղի համար, որն Արցախի Մարտակերտի շրջանի սովորական գյուղերից մեկն էր: Լուսադեմին՝ ժամը 5-ի կողմերը սկսվեց մղձավանջային լուսաբացը:

Նորություն չէ, որ թշնամին հայի վրա միշտ հարձակվում է անսպասելի, թիկունքից ու այնպիսի ժամի, երբ մեծ մասամբ մարդիկ քնած են լինում ու չեն էլ կարող պատրաստվել կամ կանխատեսել մոտալուտ արհավիրքը:

Ապրիլի 10-ի լուսաբացը մեր ազգի պատմության հերթական արյունոտ լուսաբացն էր: Ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը, որում 1000 զինվոր էր ներգրաված, 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ: Նրանց դեմ դուրս եկան մերոնց պաշտպանական ուժերը՝ ընդամենը 60 հոգի: Այդ օրը Մարաղան ընկավ: Հաջորդ օրը հայերին հաջողվեց վերադարձնել գյուղը: Օր առաջ այնտեղից հեռացել էր բնակչության մեծ մասը, իսկ հաշմանդամություն ունեցողներն ու ծերերը թաքնվել էին նկուղներում, բայց գյուղը վերադարձնելուց հետո նախորդ օրը Մարաղայում մնացած խաղաղ բնակիչների շրջանում 43 դի կար՝ մի քանիսը գլխատված, մնացածը՝ այրված կամ աչքերը հանված:

Մարաղայի ջարդերի ընթացքում սպանված հայերի թիվը 80-100 է։ 40-ից ավել մարդ վիրավորվել է, 63-ը՝ գերության մատնվել։ Ջարդերը շարունակվել են ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին գյուղ՝ մահացածներին հողին հանձնելու:

Գերեվարվածները հիմնականում երեխաներ էին, կանայք, տարեցներ ու հաշմանդամներ: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քարոլինա Քոքսը Մարաղայի արյունոտ դեպքերի ականատեսն է եղել: Նա իր հուշագրություններում անդրադարձել է այդ ողբերգական օրերին:

«Մեր տեսածը նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա…»

Մարաղայի կոտորածը «սովորական ցեղասպանություն» էր, մեկը բազմաթիվ դեպքերից մեր պատմության մեջ եղած: Նույնքան սովորական է, որ այդ ջարդերի իրականացման համար ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբօղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի ազգային հերոս» բարձրագույն պարգևակոչումը:

Մարաղայի ջարդերից 31 տարի է անցել: Մարաղան Ադրբեջանի տիրապետության տակ է: 19 հոգու ճակատագիր այդ օրերից ի վեր անհայտ է:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում