Մամուլն այսօր. ԱԺ-ում անցուդարձի և «թուրքին շան ծեծ տալու» մասին

Հետընտրական զարգացումներ.
Ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը նոր կառավարությունում երեք-չորս փոխնախարարի պորտֆել է ունենալու: ՕԵԿ-ական աղբյուրները թերթին հայտնել են, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնների համար «մրցույթ» է հայտարարել’ բառի բոլորիս հասկանալի իմաստով: «Փոխնախարար կդառնան նրանք, ովքեր կառաջարկեն լավագույն «պայմանները»’ կրկին բառի բոլորիս հասկանալի իմաստով: Առայժմ վերջնականապես հստակեցված չէ, թե հատկապես որ նախարարություններում կարող են ՕԵԿ-ի թեկնածուները փոխնախարար աշխատել: Հիշեցնենք, կոալիցիոն քվոտայով «Օրինաց երկրին» նաև երեք նախարարական պորտֆել է բաժին ընկնելու: Ի դեպ, երեկ ՕԵԿ քաղխորհրդի ներկայացուցիչները և ՀՀԿ խորհրդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ, ըստ ՕԵԿ-ի տարածած հաղորդագրության, քննարկել են նոր կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: Այդ հանդիպումները շարունակվելու են’ ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար»,- նշում է «ՀԺ»-ն:

«Երկիր» օրաթերթը գրում է, որ Ազգային ժողովի աշխատակիցների շրջանում լարվածությունը շարունակվում է. Սամվել Նիկոյանի կադրերը, ովքեր նշանակվել էին Հովիկ Աբրահամյանի հավատարիմ աշխատակիցների փոխարեն, ցայտնոտի մեջ են և այս օրերին զբաղված են Աբրահամյանի մոտ միջնորդ գտնելու գործով: Հույս չունեցողներն արդեն ճամպրուկային տրամադրություն ունեն և պատրաստվում են ինքնակամ դիմում գրել ու հեռանալ:

Իսկ մինչ այդ, նորանշանակ Աժ նախագահը շարունակում է վերադարձնել իր աշխատակիցներին, ովքեր իր հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում էին գրել: Նա արդեն վերադարձրել է իր 5 աշխատակիցներին: Թերթի տեղեկություններով’ առաջիկայում սպասվում է, որ կփոխվի նաև Աժ աշխատակազմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանին փոխարինելու է Վիկտոր Մնացականյանը:

«168 ժամի» տեղեկություններով’ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արևմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը: «Բանն այն է, որ Շահնազարյանը ևս արևմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին»,- նշում է թերթը: Թերթը փորձել է Դ. Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որևէ հարց լսել:

«Հրապարակ» թերթի փոխանցմամբ’ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրահանգով ԱԺ աշխատակազմի ամենալավ, ամենահարմարավետ աշխատասենյակները տրամադրվել է ՀԱԿ խմբակցությանը և խմբակցության անդամներին: Խմբակցության սենյակին կից կա բավական մեծ պատշգամբ, որից զուրկ են մյուս բոլոր խմբակցությունները:

Զարմանազան.
«Երկիր» օրաթերթը հաղորդում է, որ հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է «Ջերմուկ» հանքային ջուրը: Ներկայումս այն 165 դրամի փոխարեն խանութներին տրվում 175 դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ տեղյակ են գնային փոփոխությանը և ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: Թե ինչ հիմնավորումներ են ներկայացված «Ջերմուկ Գրուպ» ընկերության փաստաթղթերում, ՏՄՊՊՀ-ից թերթին չեն ասել: Միայն նշել են, որ փաստաթղթերը ներկայացված են և ուսումնասիրվում են: «Հուսով ենք՝ վերջում չի պարզվի, որ հանքային ջրի թանկացման պատճառը միջազգային շուկայում ջրի գնի բարձրացումն է: Թեև ի՞նչ իմանանք»,- նշում է թերթը:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանի լարված իրավիճակին, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Մեր ժողովուրդը ոչ մի վախենալու բան չունի, հաշվեք նաև, որ իրանք ինչ անում են, արժանի պատասխան են ստանում մեր կողմից և ավելի բեթար: Էնպես, որ ես ընտեղ ոչ մի վտանգ էլ չեմ տեսնում, ադրբեջանցիները սխալվում են, քանի որ մեր բանակը շատ ավելի մարտունակ է: Միշտ էլ թուրքին շան ծեծ ենք տվել, էս անգամ էլ կտանք: Հանկարծ դուխից չընկնեք, մենք հլը չենք մեռել, որ դուք դուխից ընկենք: Ուշադի՛ր եղեք՝ էդ սահմաններին հլը էրեխեքն են, բա որ մե՞նք գնանք հասնենք սահմաններ: Էդ թուրքը մեզ չի մոռացել, լավ գիտի: Նենց, որ թող թուրքերը մտածեն, մենք մտածելու ոչ մի բան չունենք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում