Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. «Մենք հավատում ենք, որ հոգևոր կյանքի զորացումը երաշխիքն է մեր բարեկեցության, մեր երկրի առաջընթացի ու զորության»

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի փոխանցմամբ՝ ծրագիրը սկսվեց Արմավիրի թեմից: Մրգաշատ գյուղի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այնուհետև Մրգաշատի Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվեց Արևագալի ժամերգություն: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Ա. Ղահրամանյանը և թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը’ մեծապես կարևորելով «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի իրականացումը: Թեմակալ առաջնորդը նաև վստահություն հայտնեց, որ հոգևորականների այցելությունները մեծ խանդավառություն պիտի առաջացնեն ժողովրդին մոտ, ապա հրավիրեց Վեհափառ Հայրապետին իր օրհնությունն ու պատգամը հղելու Մրգաշատի բնակիչներին և Արմավիրի մարզի համայնքների ղեկավարներին:

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ գոհունակություն հայտնեց Մրգաշատի եկեղեցին վերանորոգված և գործող տեսնելու առիթով, ապա անդրադարձավ «Մեր օր մեկ թեմում» ծրագրին, որով յուրաքանչյուր համայնք կայցելեն եկեղեցականներ’ Ավետարանի խոսքը քարոզելու հավատավոր հայորդիներին, հաղորդակցվելու նրանց կյանքին ու առօրյային և հաղորդ դարձնելու նրանց Եկեղեցու կյանքին:

«Մենք հավատում ենք, որ հոգևոր կյանքի զորացումը երաշխիքն է մեր բարեկեցության, մեր երկրի առաջընթացի ու զորության: …Մեր հոգևորականներն Ավետարանի խոսքի հետ այսօր մեր ժողովրդի զավակներին պիտի տանեն իրենց պատգամը, որպեսզի նրանք հավատարիմ մնան իրենց սրբազան հավատքին, հավատարիմ մնան ազգային մեր արժեքներին և աստվածփառաբանությամբ շարունակեն իրենց կյանքի ընթացքը լավատես հոգով, հույսով և հաստատակամությամբ», – նշեց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով ժամանակների մարտահրավերներին և կյանքում առկա դժվարություններին’ Վեհափառ Հայրապետն ընդգծեց. «…Քրիստոնյային հարիր չէ ծնկել դժվարությունների առջև, հուսալքվել ու հուսահատություն ապրել: Վստահ ենք, որ Տիրոջ օրհնությամբ մենք պիտի լինենք միշտ զորեղ և հաղթական: Այս ոգով ու համոզումով մենք կարողացել ենք մեր կյանքի, մեր պատմության մեջ հաղթահարել բոլոր դժվարությունները: Այդ դժվարությունները մեր կյանքից պիտի հեռանան շնորհիվ մեր զորեղ հավատքի, շնորհիվ մեր աստվածսիրության»:

Օրհնության իր խոսքում Նորին Սրբությունը նաև գնահատանք հայտնեց Արմավիրի մարզպետին, թեմակալ առաջնորդին, համայնքապետին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հոգևոր կյանքը վերարթնություն է ապրում Արմավիրի մարզում, նորոգվում և կառուցվում են եկեղեցիներ, աղոթքն է առատանում ժողովրդի կյանքից ներս:

Այնուհետև եկեղեցականները համայնքապետերի ուղեկցությամբ մեկնեցին մարզի տարբեր բնակավայրեր:

Մրգաշատում Ամենայն Հայոց Կաթողիկոսն եղավ նաև գյուղապետարանում, ապա այցելեց տիկին Լիդա Մարգարյանի օջախ’ հայրապետական իր օրհնությունը բերելով հավատավոր ընտանիքին: Մարգարյանների տանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում