Վայոց ձորում իրականացվել է համայնքի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Վայոց ձորում իրականացվել է համայնքի զարգացմանն ուղղված նոր ծրագիր

Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սնունդ հայթայթելու համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը:

Մարզային կառույցներին աջակցելու հարցը շարունակում է մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում: Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, տարիների գործընկերներն այս մարզում առաջին նմանատիպ ծրագիրն իրականացրել են երեք տարի առաջ: Ժամանակակից տեխնոլոգիաներով՝ «էլեկտրական հովիվներով»,  ցանկապատվել և վերահսկվել է Վայոց ձորի 5 համայնք:

Հաշվի առնելով վերջին երկու տարում ֆերմերային այլ տնտեսություններին հասցված վնասը՝ գործընկեր կազմակերպությունները նույն մարզում իրականացրել են երկրորդ ծրագիրը: Ներդրվել է 5 մլն դրամ: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ «էլեկտրական հովիվ» են ստացել Եղեգիս (7 համակարգ), Արենի (4 համակարգ) և Վայք (4 համակարգ) համայնքները: Դա թույլ է տալու պաշտպանել ֆերմերային 15 տնտեսություն:

«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության  ոլորտում: Դա բազմիցս ապացուցվել է տարբեր նախագծերով: Դասական բիզնեսից այն կողմ, իրականացնում ենք նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր և ձգտում, որպեսզի այն ամենն ինչ անում ենք, կապված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման հետ: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլև ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձևավորմանը: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե մարդիկ ինպես պետք է հոգ տանեն այն ամենի մասին, ինչ անում են,  զարգացնում են, և թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

««էլեկտրական հովվի» արդյունավետությունը չափելի կլինի այն ժամանակ, երբ գյուղացին պատշաճ կերպով ապահովի դրա օգտագործման տեխնիկական մասը՝ ճիշտ ամրացնի, միացումներ տա ու ստուգի լարումները: Այս ամենը մենք նրանց ևս սովորեցնելու ենք», – ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նվիրաբերված  «Էլեկտրական հովիվները» հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:

«Էլեկտրական հովիվ»  օգտագործող ֆերմերը կարող է նաև 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում