«Ջեյմս Բոնդը պահպանողակա՞ն է». Թրամփի արձագանքը Փաթինսոնի նոր դերին

«Ջեյմս Բոնդը պահպանողակա՞ն է». Թրամփի արձագանքը Փաթինսոնի նոր դերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջողություն է մաղթել բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնին՝ Ջեյմս Բոնդի նոր դերակատարի կարգավիճակում, սակայն մինչ այդ որոշել է պարզել արտիստի քաղաքական հայացքները։ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփը բաց դռնից կանչել է իր օգնական Նատալի Հարփերին՝ որին թղթեր տպելու սովորության պատճառով կատակով անվանում են «մարդկային տպիչ», և հարցրել. «Ջեյմս Բոնդը պահպանողակա՞ն է»։

Օգնականը պատասխանել է, որ դերասանը «լավն է եղել», և Փաթինսոնի մասին նյութերի փաթեթը փոխանցել Թրամփին։ Փաստաթղթերից մեկում եղել է 2012 թվականին արված թվիթը, որտեղ Թրամփը Փաթինսոնին խորհուրդ էր տալիս բաժանվել «Մթնշաղ» ֆիլմաշարի իր նախկին սիրելիից և խաղընկերուհուց՝ Քրիսթեն Ստյուարտից՝ այն բանից հետո, երբ Ստյուարտը խոստովանել էր դավաճանությունը։ Թրամփն այդ գրառումը բարձրաձայն ընթերցել է ներկաների համար՝ նշելով, որ դա «շատ վաղուց է եղել»։ Ժամանակին հենց Փաթինսոնն էր Թրամփի նման գրառումներն անվանել «այդքան տարօրինակ հետաքրքրասիրություն» և կատակել, որ հրապարակումների դադարից հետո իրեն զրկված է զգացել ուշադրությունից։

Փաթինսոնի և իրեն վերաբերող այլ նյութեր դիտելիս Թրամփը, ըստ երևույթին, գոհ է մնացել։ Նա նկատել է, որ դերասանը «հաճելի բաներ է ասում», թեև չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ։ Թրամփը հավելել է, որ միշտ սիրել է իրեն սիրող մարդկանց, նշել, որ Փաթինսոնը «լավ տեսք ունի», և վերջում նրան հաջողություն է մաղթել Բոնդի նոր դերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում