Վիվա-ՄՏՍ. Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել

Վիվա-ՄՏՍ. Վայոց ձորում «Էլեկտրական հովիվների» երկրորդ խմբաքանակն է ներդրվել

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնում են համատեղ ծրագրեր, որոնք ուղղված են երկրի էկոհամակարգի պահպանմանը և ֆերմերային տնտեսությունների ապահովությանը։ Այսպես, արջերի հարձակման թիրախում առավել հաճախ գտնվող մարզում՝ Վայոց ձորում, իրականացվել է «Էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլը:

Արևային էներգիայով սնուցվող «Էլեկտրական հովիվների» աշխատանքին սպասում են հատկապես Եղեգիս համայնքում: Տեղի ֆերմերներից երկուսը վերջին տարիներին զգալի վնաս են կրել մեղրասեր չորքոտանու հարձակման հետևանքով. նրանցից մեկը կորցրել է 47 մեղվափեթակ, իսկ մյուսը՝ յոթ խոշոր եղջերավոր: Այս նվիրատվության արդյունքում 15 ֆերմերի տնտեսության պահպանման հարց կլուծվի: Արևային էներգիայով սնվող 15 համակարգ է տրամադրվել Եղեգիս (7), Արենի (4) և Վայք (4) համայնքներին:

«Մենք պետք է ոչ թե բավարարվենք Հայաստանն արևի երկիր անվանելով, այլև օգտվենք այդ կարևորագույն ռեսուրսից: Հատկապես հիմա, երբ աշխարհի զարգացման հիմքում մեծ տեղ է հատկացվում արևային էներգիայով տեխնոլոգիաների արդիականացմանը: Մենք մեր գործընկերների հետ ընտրել ենք առաջ շարժվելու ճանապարհը: Այս ծրագրի հիմքում կա հետևյալ տրամաբանությունը. եթե տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս կարգավորել բնության հետ հաշտ ապրելու մեխանիզմը, ապա անհրաժեշտ է հնարավորինս օգտվել դրանից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Նոր տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում ու մուտք գործում մեր կյանքի ցանկացած ոլորտ։ Այսօր արդեն առանց դրանց մենք չենք կարող լուծել մեր առջև ծառացած բնապահպանական մարտահրավերները, հատկապես մարդ-վայրի բնություն հակասությունները», – ասել է FPWC-ի հիմնադիրտնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

«Էլեկտրական հովիվների» հետ աշխատելու փորձ ունեցող Եղեգիս համայնքում ևս այս ներդրման արդյունավետությունը բարձր են գնահատում։ Համայնքապետ Արթուր Ստեփանյանն ասում է, որ եթե առաջ դեղձի կարմրելուց հետո արջերի առաջն առնել չէր լինում, ապա հիմա նմանատիպ խնդիր ընդհանրապես չունեն։ Նախկինում իրենց այգիները կամ փեթակները գյուղացիները քարերով էին ցանկապատում, ինչն, իհարկե, ապարդյուն էր։ «Էլեկտրական հովիվների» ներդրումից հետո Եղեգիսում կտրուկ նվազել են արջերի հարձակումները։ Սարքավորումների արդյունավետությունն առավելապես ընդգծվում է հատկապես բնակավայրերից հեռու գտնվող արոտների դեպքում։ Այժմ համագյուղացիները մեկ «էլեկտրական հովիվով» կարողանում են պաշտպանել մի քանի տնտեսություն։

Անցնելով «էլեկտրական հովվի» օգտագործման հատուկ դասընթաց՝ ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 7500 մ2 տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300-գծամետր ցանկապատից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում