Աշխարհում 250 մլն․ մարդ պարենի պակաս ունի․ ՄԱԿ
Նմանատիպ
2022 թվականին 58 երկրներում 258 միլիոն մարդ պարենի խիստ պակաս է զգացել, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 193 միլիոն էր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակած զեկույցում։
«2022 թվականին չորրորդ տարին անընդմեջ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր շատ սուր զգում են պարենի պակասություն և հրատապ օգնության կարքի ունեն պարենի, սննդամթերքի և գոյության միջոցների ոլորտում․ ավելի քան քառորդ միլիարդ մարդ սուր սով է ապրում, իսկ յոթ երկրներում մարդիկ սովամահության եզրին են հայտնվել»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ զեկույցի՝ սննդի խիստ պակաս ունեցողների ավելի քան 40 տոկոսն ապրում էր հինգ երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայի որոշ մասերում և Եմենում:
Յոթ երկրների բնակիչները հայտնվել են սուր սովի աղետալի վիճակում. նրանց կեսից ավելին գտնվում է Սոմալիում (57 տոկոս), «նման ծայրահեղ իրավիճակ է գրանցվել նաև Աֆղանստանում, Բուրկինա Ֆասոյում, Հայիթիում (երկրի պատմության մեջ առաջին անգամ), Նիգերիայում, Հարավային Սուդանում և Եմենում»,- նշվում է զեկույցում։
Խոսելով սովի աճի մասին՝ զեկույցում ասվում է, որ «տնտեսական ցնցումները գերազանցել են հակամարտությունները՝ որպես պարենային սուր անապահովության հիմնական պատճառ»:
«Համաշխարհային տնտեսական ցնցումները, ներառյալ պարենային ապրանքների գների աճը և շուկայի աշխատանքում լուրջ խափանումները, խաթարում են երկրների կայունությունը և պարենային ցնցումներին արձագանքելու նրանց կարողությունը», – ասվում է փաստաթղթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում