Ամերիկյան հերթական բանկը կանգնած է փլուզման եզրին

Ամերիկյան հերթական բանկը կանգնած է փլուզման եզրին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանկային ճգնաժամը շարունակվում է։ Այժմ էլ փլուզման եզրին է Pacific Western Bank-ը։ PacWest-ն ունի 44 միլիարդ դոլարի ակտիվներ, սակայն բաժնետոմսերի՝ ավելի քան 55% անկումից հետո կանգնել է փլուզման եզրին:

ԱՄՆ-ում սկսված բանկային ճգնաժամն ամենախորն է 2008 թվականից այս կողմ։ PacWest-ն այժմ քննարկում է բոլոր տարբերակները՝ «փրկվելու» և բաժնետոմսերի արժեքը «փրկելու» համար։ Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ պատրաստ են դիտարկել նաև բանկի վաճառքի տարբերակը։ Իհարկե, դեռևս վաճառքի պաշտոնական գործընթաց չի սկսվել, սակայն այդ քայլը «սարերի հետևում» չէ, եթե չստացվի նոր կապիտալ ներգարվել։

PacWest-ի շուրջ ստեղծված իրավիճակը շատ առումներով նման է այն իրավիճակին, երբ մարտին փլուզվեց Silicon Valley Bank-ը: Այս «նմանությունը» կապված է մեծ քանակությամբ չապահովագրված ավանդների հետ. միայն այս տարվա առաջին եռամսյակում PacWest-ը  կորցրել է ավելի քան 5 միլիարդ դոլար ավանդներ։

Ներդրողներին անհանգստացնում է նաև ամերիկյան մեկ այլ բանկի հեռանկարը. Western Alliance բանկի շուրջ ստեղծված իրավիճակը ևս բարդ է, քանի որ վերջինիս բաժնետոմսերը վերջին օրերին նվազել են ավելի քան մեկ քառորդով։ Մեկ այլ՝ Comerica բանկի բաժնետոմսերն էլ էժանացել են մոտ 10%-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում