Պետությունն աջակցություն է սահմանում հիփոթեքային վարկ մարող և երեխա ունեցող ընտանիքներին
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 հուլիսի 1-ից իրականանցում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը, որից մինչ այժմ օգտվել է 6 հազար 400 ընտանիք:
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ պետական բյուջեից տրվել է 4.4 մլրդ դրամ:
«Այսպիսի ակտիվություն սպասելի չէր, ինչի մասին վկայում է այն, որ պետական բյուջեով նախատեսված պլանային ցուցանիշները միշտ չեն բավականացնում և տարվա ընթացքում մի քանի անգամ բյուջեն համալրվում է: Օրինակ 2022 թվականի մեր փաստացի ֆինանսավորումը՝ 2.1 մլրդ դրամ, գերազանցել է 2020, 2021 թվականի գումարային ցուցանիշին: Կարող ենք ասել, որ ծրագիրն իր ազդեցությունն է թողնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը: Նա ընգծեց, որ կան ընտանիքներ, որոնք նույնիսկ երկու անգամ են օգտվել ծրագրից:
2023 թվականին արդեն ծրագրից օգտվել է 960 շահառու: Ծրագրի հիմնական նպատակն է երկրում ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, ծնելիության խթանումը: Ծրագրի ներքո իրականացվում են 3 նպատակային առանձին ծրագրեր: Դրանցից երկուսը վերաբերում են այն ընտանիքներին, որոնք նոր են պատրաստվում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: 3-րդ ծրագիրը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն հիփոթեքային վարկ և ընտանիքում ծնվել է նոր երեխա:
Առաջին և երկրորդ ծրագրերի դեպքում պետությունն աջակցում է նախ մարզային բնակավայրում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու հարցում: Առնվազն 2 երեխա ունեցողներին տրամադրվում է մինչև 1 մլն դրամ, 3 երեխա ունեցողին՝ մինչև 1.5 մլն դրամ, 4 և ավելի երեխա ունեցողներին մինչև 2 մլն դրամի չափով: Գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը:
Հաջորդիվ ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում կանխավճարի տարեկան ապահովագրավճարի ֆինանսավորման համար:
Պետությունն աջակցություն է սահմանում նաև հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին, որոնք ունենում են նոր երեխա, անկախ երեխայի կարգաթվից: Առաջին և 2-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 500 հազար դրամ, 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև 2 մլն դրամ:
Ընտանիքների աջակցությանն ուղղված ոլորտային աշխատանքների թեման շարունակելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը նախաձեռնել է նաև ընտանեկան օրսնգրքի և երեխաների իրավունքների պաշտպանության մասին օրենքի լրամշակումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում