Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները մռայլված են․ ՎԶԵԲ

Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները մռայլված են․ ՎԶԵԲ

Հայաստանի տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին կդանդաղի մինչեւ 5 տոկոս՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ (12,2 տոկոս)։

Այս մասին նշվել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի փորձագետների վերլուծությունում։

Բանկի փորձագետները կանխատեսում են, որ 2024 թվականին այդ ցուցանիշը կկազմի 5,3 տոկոս։

Սակայն աճի հեռանկարները, նրանց գնահատականների, մռայլվում են աշխարհաքաղաքական բարձր ռիսկերով։

2022թ. տնտեսական աճը կազմել է 14,2 տոկոս։ Արտադրական հատվածում գրանցվել է 7,8 տոկոսի աճ, ծառայությունների ոլորտում՝ 28,2, ընդ որում՝ շինարարության եւ առեւտրի ոլորտներում գրանցվել է աճի երկնիշ ցուցանիշ։

Ծառայությունների, հատկապես տեղեկատվական, հաղորդակցային եւ զբոսաշրջության ծառայությունների ոլորտը շահել է պահանջարկի աճից ոչ ռեզիդենտների կողմից։ Ընդ որում՝ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գրեթե կրկնապատկվել է 2022թ.՝ ի հաշիվ Հայաստանում ապաստանած Ռուսաստանի քաղաքացիներից փոխանցումների մոտ յոթակի ավելացման։

Տարեկան գնաճը նվազել է՝ 2023թ. մարտին հասնելով 5,4 տոկոսի, արտացոլելով դրամավարկային քաղաքականության խստացումն ու  ազգային արժույթի ռեւալվացիան 2022թ. ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում