Հաշված ժամեր անց ռուսները կգրավեն Բախմուտը․ Bild

Հաշված ժամեր անց ռուսները կգրավեն Բախմուտը․ Bild

Ընդամենը մի քանի օր կամ նույնիսկ ժամեր անց ուկրաինական Բախմուտ քաղաքը կգրավվի և կհայտնվի ռուսական ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին գրել է գերմանական Bild թերթը։

«Ավելի քան ութ ամիս կատաղի մարտերից հետո նախկինում 70,000 բնակչություն ունեցող Բախմուտ քաղաքի ամբողջական գրավմանը մնացել են հաշված օրեր կամ նույնիսկ ժամեր»,- գրում է Bild-ը՝ հավելելով, որ «Բախմուտն այժմ 99 տոկոսով ռուսների ձեռքում է»:

Նշվում է, որ Ուկրաինայի հսկողության տակ է մնում քաղաքի արևմտյան մասի ծայրամասային փողոցի միայն վերջին կողմը։ Ուկրաինայի Զինված ուժերը վերահսկում են 20 տուն։ Պարբերականը նշում է, որ Բախմուտում Ուկրաինայի զինված ուժերի պլանը փոխվել է։ Եթե նախկինում քաղաքը պահելու խնդիր կար, ապա հիմա այլ է։

«Նպատակը բացառապես Բախմուտից դեպի արևմուտք ռուսների առաջխաղացման հետաձգումն է»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Բախմուտն անառիկ ամրոց է։

Բախմուտի ուղղությամբ որոշիչ դեր են խաղում ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գրոհային ջոկատները։

Բախմուտը գտնվում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ Կիևի կողմից վերահսկվող մասում: Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորքերի խմբին մատակարարելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում