Նեյմարի վնասվածքից հետո սպառնացել են Սունիգայի ընտանիքին

Նեյմարի վնասվածքից հետո սպառնացել են Սունիգայի ընտանիքին

Կոլումբիայի հավաքականի և «Նապոլիի» պաշտպան Խուան Սունիգայի հայրը` Կամիլո Սունիգան պատմել է, որ Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի Բրազիլիա-Կոլումբիա (2:1) խաղից հետո սպառնացել են իր ընտանիքին: Հիշեցնենք, որ այդ խաղում Խուան Սունիգան վնասվածք հասցրեց Նեյմարին, ինչի պատճառով վերջինս չկարողացավ մասնակցել մրցաշարի մնացած խաղերին:

«Այդ դրվագից հետո մենք սպառնալիքներ էինք ստանում հեռախոսով և համացանցով: Մենք դիմեցին անվտանգության աշխատակիցներին, քանի որ որոշ սպառնալիքներ պարզապես խելագարություն էին: Եղել են նաև ռասիստական վիրավորանքներ:

Ինչպես յուրաքանչյուր հայր, ես ևս անհանգստացա: Անհանգստացա ոչ միայն Խուանի, այլև նրա կնոջ և փոքրիկ դստեր համար: Տեղի ունեցածից հետո մենք թիկնապահների վարձեցինք, բայց հույս ունեմ` այս ամենը ժամանակավոր է, և շուտով մենք կապրենք առաջվա պես:

Նեյմարն ասել է, որ ներել է որդուս: Խուանը միտումնավոր ոչինչ չի արել: Նա կտրականապես դեմ է բռնությանը, նա կոպիտ խախտումներ չի անում: Խուանին վիրավորողները ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում: Վնասվածքներն այս մարզաձևի մի մասն են կազմում, իսկ իմ որդին արդեն ներողություն է խնդրել»,-Կամիլո Սունիգայի խոսքը մեջբերել է «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում