Նորավարդ Առուստամյան. Կին մրցավարը` ըմբշամարտի աշխարհում

Նորավարդ Առուստամյան. Կին մրցավարը` ըմբշամարտի աշխարհում

Հուլիսի 18-20-ը Վանաձորում անցկացվեց «Ստեփան Սարգսյանի գավաթ» անունը կրող ազատ ոճի ըմբշամարտի ամենամյա 19-րդ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 9 երկրներից 120 մարզիկներ:

Այս տարի FILA-ի պատվիրակը Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից  Նորավարդ Առուստամյանն էր. ըմբշամարտի տղամարդկային աշխարհում կին մրցավար, ով գորգում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց գոտեմարտեր է դատում: AllSport.am-ի հետ զրույցում Նորավարդը պատմեց կարիերայի ընթացքում հանդիպած դժվարությունների, հուզմունքի, ըմբշամարտի աշխարհի մասին: 

Նոնան (այսպես նրան անվանում են մտերիմները), ըմբշամարտով զբաղվել է 18 տարեկանից` 6 տարի, այնուհետև ուսի վնասվածքի պատճառով թողել է մեծ սպորտը: Սերը դեպի ըմբշամարտը Նոնային կրկին գորգ է դուրս բերել՝ այս անգամ մրցավարի կարգավիճակով:

«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ պատահական. ես կրտսեր եղբորս էի տանում մարզումների և այնպես ստացվեց, որ հանդիպեցի առաջին մարզչիս: Նա այնպես արեց, որ սիրահարվեմ այս սպորտաձևին: Ինձ հնարավոր է` պատահականությունը բերեց ըմբշամարտ:
Հայաստանում փոքր-ինչ տարօրինակ է, երբ աղջիկը զբաղվում է ըմբշամարտով, սակայն Ռուսաստանում, որտեղ ես սկսել եմ զբաղվել այս մարզաձևով, դա նորմալ է : Ծնողներս, դրան նորմալ են վերաբերվում: Նրանք ինձ ասել են` եթե ես ցանկանում եմ, կարող եմ զբաղվել ըմշամարտով»,-պատմեց Նոնան:

Փոխվում են դերերը, և նախկին մարզուհին գորգում է հայտնվում որպես մրցավար. ի՞նչ տարբերություններ կան Նոնայի համար.

«Զգացողությունները տարբեր են: Որքան էլ ծիծաղելի հնչի, դու սկսում եմ ըմբշամարտն այլ կերպ տեսնել: Երբ դու գորգում ես որպես մրցավար, պետք է շարժվել կաննոներով, ոչ թե էմոցիաներով, պետք է հստակ տեսնես, գնահատես և կանխագուշակես իրավիճակը: Որպես ըմբիշ և որպես մրցավար ՝ ըմբշամարտը տարբեր ես ընկալում»:

Արդեն 8-ամյա մրցավարական կարիերա ունեցող մեր հայրենակցուհին պատմում է իր առաջին վարած գոտեմարտի, դժվարությունների և անկողմնակալ մրցավարության մասին.

«Իհարկե, դժվար է ինքդ քո մասին անաչառ կարծիք ասել: Ես չեմ կարող խոսել իմ մրցավարական որակների մասին, սակայն երբ գորգ եմ դուրս գալիս, ինձ համար վերանում է ամեն ինչ. կենտրոնանում եմ գոտեմարտի վրա: Յուրաքանչյուրն ունի սիրելի մարզիկներ, եթե ինչ-որ մեկը ասի այդպես չէ, կստի: Սակայն երբ ես դուրս եմ գալիս գորգ, ինձ համար արդեն չկան Հայաստան, Ռուսաստան և այլն…  Գորգում եմ գոտեմարտը դատելու համար: Եթե չեմ կարող դատել, գորգ դուրս չեմ գալիս, և դա ճիշտ է: Եթե դու ինչ-ինչ պատճառներով չես կարող անաչառ դատել, ավելի լավ է դա չանես:

Որպես մրցավար առաջին անգամ դատել եմ Մոսկվայի մեծահասակների առաջնությունը: Շատ դժվար էր, շատ էի անհանգստանում և հուզվում: Միավորը տալիս էի կարմիր մարզահագուստով ըմբիշին այն դեպքում, երբ կապույտ մարզահագուստով ըմբիշն էր հնարք կատարում և հակառակը: Ես, բնականաբար, տեսնում էի, թե ով կատարեց հնարքը, սակայն այնքան հուզված էի ու անհանգիստ, որ ամբողջը խառնեցի: Շատ մեծ պատասխանատվություն է, երբ քո որոշումներից է կախված մարզիկի ճակատագիրը»:

Խոսելով մրցավարի համար ամենադժվար գոտեմարտերի մասին` Նորավարդը նշեց հետևյալը.

«Կդժվարանամ ասել, թե որոնք են ավելի դժվար: Լինում են ոչ այնքան դիտարժան գոտեմարտեր, սակայն շատ լարված, քանի որ պայքարում են լավագույն ըմբիշները: Մեզ մոտ բոլորը կատակում են` ասելով` եթե Ռուսաստանի առաջնությունը դատելիս կենդանի ես մնացել, ապա կեցցես: Շատ դժվար է դատել նաև երեխաների մասնակցությամբ գոտեմարտերը, քանի որ նրանք արագ են և ավելի շատ են գործողություններ անում: Պետք է հասցնել հետևել նրանց և կարողանալ հոգեբանորեն չկոտրել փոքրիկ ըմբիշներին:

Անդրադառնալով այն թեմային, որ մեկ տարի առաջ ըմբշամարտը կարող էր դուրս գալ Օլիմպիական խաղերի ծրագրից` Նորավարդ Առուստամյանն անկեղծությամբ ասաց հետևյալը. 

«Ես ընդունում եմ, որ ըմբշամարտի կաննոները շատ վատն էին, ինչն աստիճանաբար սպանում էր մարզաձևը: Երբ մեր սպորտաձևը կանգնեց Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու փաստի առջև, ամբողջ աշխարհով ինչ-որ շարժում սկսվեց: Միջազգային ֆեդերացիայի նախագահից և FILA-ի ղեկավարությունից սկսած` բոլորը մտածեցին կանոնների փոփոխման մասին: Եվ դա տվեց իր արդյունքը. հիմա ըմբշամարտն ավելի դիտարժան է, հագեցած ու հետաքրքիր»:

Զրույցի ավարտին Նորավարդ Առուստամյանն ամփոփեց Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունը.

«Ես միշտ այստեղ եմ լինում: Ի դեպ, որպես մրցավար` իմ առաջին միջազգային մրցումը այստեղ եմ դատել, 2007 թվականին: Այս անգամ FILA-ի պատվիրակն եմ, ինչն ավելի պատասխանատու է դարձնում իմ աշխատանքը, քանի որ գորգի մրցավար լինելու ժամանակ պատասխանատու եմ միայն ինձ համար: Շատ ուժեղ մրցաշար է և այստեղ միշտ աշխատում են շատ լավ դատել»:

 

Հասմիկ Գրիգորյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում