Նետաձգության Եվրոպայի առաջնություն. Նազիկ Ամիրյանը գոհ չէ արդյունքներից

Նետաձգության Եվրոպայի առաջնություն. Նազիկ Ամիրյանը գոհ չէ արդյունքներից

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը կարծում է, որ հայ մարզիկները կարող էին ավելի լավ հանդես գալ «Արա և Այծեմնիկ» մարզական ակումբում անցկացվող Նետաձգության Եվրոպայի 21-րդ առաջնությունում:

«Թեև Գոհար Շահնազարյանը 2015թ. Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային խաղերի ուղեգիր նվաճեց, մեր մարզիկների ընդհանուր արդյունքներից գոհ չեմ, քանի որ ավելի մեծ սպասելիքներ ունեի»,-ասաց Ն. Ամիրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ ֆեդերացիայի նախագահի՝ հատկապես մեծ սպասելիքներ կային տղաներից, թեև արդյունքում հավաքականի լավագույն ցուցանիշը գրանցեց Գոհար Շահնազարյանը:

«Մեր սպասելիքները հիմնականում տղաներից էին: Գոհար Շահնազարյանը մարզումները սկսել էր գարնանից: Նա թևի վնասվածք ուներ, և չէինք սպասում, որ կկարողանա այդքան լավ հանդես գալ: Տղաների դեպքում հակառակը տեղի ունեցավ: Մեր գլխավոր հավակնորդը’ Վասիլ Շահնազարյանը, մրցումներից առաջ մատների վնասվածք ստացավ և դժվարությամբ էր ելույթ ունենում»,-ասաց Ն. Ամիրյանը:

Անդրադառնալով Գ. Շահնազարյանի՝ 2015թ Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային խաղերի ուղեգիր ստանալուն՝ Ն. Ամիրյանը նշեց, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք մարզուհին կմասնակցի, թե՝ ո՛չ. «Չեմ կարող ասել՝ կգնա նա, թե՝ ո՛չ: Դա մեկ հոգու որոշելու բան չէ»:

Այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 6 մարզիկներ: Նրանցից 5-ը պայքարը լքեցին 1/48 եզրափակչում: Գոհար Շահնազարյանը պարտվեց 1/24 եզրափակչում՝ ճանապարհը զիջելով Ալիսիա Մարինին (Իսպանիա), սակայն սփոփիչ մրցափուլում նա կարողացավ Եվրոպական ամառային խաղերի ուղեգիր նվաճել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում