Անչելոտի. Մեզ համար դարպասապահի հարցը խնդիր չէ

Անչելոտի. Մեզ համար դարպասապահի հարցը խնդիր չէ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ընդգծել է, որ իր թիմն այս մրցաշրջանում ավելի մրցունակ է, քան՝ նախորդում, և տիտղոսներ նվաճելու մեծ ցանկություն ունի:

««Լա դեսիմային» տիրանալը շատ կարևոր արդյունք էր: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր փուլի սկզբում ենք, ավելի շատ տիտղոսներ նվաճելու ցանկություն ունենք, մասնակցելու ենք մրցաշարերի և մրցունակ թիմ ունենք: Մենք մեծ հույսեր ունենք»,-Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Անդրադառնալով դարպասապահ Կելյոր Նավասի հնարավոր տեղափոխությանը և այն հարցին, թե ով է լինելու հիմնական դարպասապահը՝ իտալացի մասնագետը նշել է. «Կեյլոր Նավասը դեռ «Ռեալ Մադրիդի» խաղացող չէ: Հիմա 3 դարպասապահ ունենք, նույն դարպասապահները, ինչ նախորդ մրցաշրջանում: Մենք նախամրցաշրջանային փուլում ենք: Իկերն այսօր է սկսել մարզվել: Մեզ համար դարպասապահի հարցը խնդիր չէ: Անցած տարի այս հարցի վերաբերյալ քննարկումները շատ էին, սակայն ինձ համար այդ հարցը խնդիր չէր: Մրցաշրջանի սկզբում կորոշեմ՝ ով կլինի հիմնական դարպասապահը»,-ասել է Անչելոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում