Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա. այս հերոսամարտերը Առաջին հանրապետության հիմքը դրեցին: Արևելյան Հայաստանում քաոս էր ու խուճապ, հույսը նահանջում էի տարածաշրջանից, պատերազմ էր գրեթե ամբողջ երկրում՝ Արմավիրում, Արագածոտնում, Լոռիում, հենց այս մարզերում էլ հայկական կողմը ֆանտաստիկ հաղթանակներ տարավ թուրքերի նկատմամբ, այլապես առաջ եկող թուրքական զորքերը հասնում էին Երևան: Թշնամին այս 3 ուղղություններով խայտառակ պարտություն կրեց ու հետ շպրտվեց: Հաղթանակները եղան պատմական հիմնաքար, որ հիմնվի Հայաստանի Առաջին հանրապետությունը:

«Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»

Զինանշանը փառահեղ սիմվոլիկա ուներ և հեղինակել էին Ալեքսանդր Թամանյանն ու Հակոբ Կոջոյանը: Հայաստանի 3-րդ հանրապետության պետական սիմվոլները հենց առաջինից ժառանգված են՝ դրոշն, օրհներգը, իսկ զինանշանը փոփոխությունների է ենթարկվել:

Առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին է, որին փոխարինեց ԱԳ նախարար Ալեքսանդր Խատիսյանը: Ժամանակի ամենաականավոր գործիչը՝ Արամ Մանուկյանը, զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Առաջին հանրապետությունն ունեցավ շքեղ ծնունդ, բայց կարճ կյանք: Հանրապետության հռչակումը տեղի ունեցավ 1918-ի մայիսի 28-ին: Հռչակման դրությամբ տարածքն ընդամենը 12 հազար քառակուսի կմ էր՝ ընդամենը 700 հազար բնակչությամբ:

Հայաստանի 1-ին Հանրապետության առաջին վարչապետը՝ Հովհաննես Քաջազնունին

Նորաստեղծ հանրապետությունն այս խղճուկ տարածքով հիմնվեց իր առաջին, բայց պարտադրված պայմանագրով: Ինչպես ասում են՝ հաշտություն Թուրքիայի հետ: 1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվածով Թուրքիան ճանաչում է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվում է Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, Արևելյան Հայաստանի Ալեքսանդրապոլի (Գյումրի) և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի (Վայոց ձոր, Նախիջևան) գավառի 1/5 մասից: Հայաստանի Հանրապետությանը մնում է ընդամենը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Թուրքիան նաև իրավունք էր ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հազար հայերի կյանքը:

Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները:

Հայաստանի նորաստեղծ հանրապետության համար դժվար ու բարդ ժամանակներ էին՝ կարճ կյանք, բայց հարուստ պատմություն:

Եվ այպես, 1918-ի դեկտեմբերին Վրաստանը գրավում է Ջավախքը և Լոռին։ Սկսվում է հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցնում է ծանր հարված, իսկ հայկական զորքն ամրանում է Քվեմո Քարթլիի Սադախլո համայնքում: Դեկտեմբերի 31-ին կողմերը կնքում են համաձայնագիր զինադադարի մասին։

Զուգահեռաբար սովի ու համաճարակների շրջան էր: Մինչ գարուն դրանց հետևանքով մահանում է մոտ 150 հազար մարդ։

Էջմիածնի որբանոցը

1919-ին հիմնադրվեց Երևանի համալսարանը՝ ԵՊՀ-ն, ապա Հայաստանում կայացան առաջին հանրապետության առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։

Տարվա կեսին թուրք-թաթարական խռովություն սկսվեց Հայաստանում: Թուրքիան ու Ադրբեջանն էլ կողքից ավելի էին թեժացնում կրքերը:

Աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումները սկսվեցին Զանգեզուրի համար։ Օրհասական իրավիճակ էր Հայաստանի համար, և միայն Զորավար Անդրանիկի, Դրոյի և Գարեգին Նժդեհի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել Սյունիքը:

1920-ին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը, ազգային դրամը:

Բայց խաղաղ չէր նաև 1920-ը: Թուրքիան գրավում է Կարսը, սպանվում է 6000 հայ: Պարբերական ռազմական գործողություններից ու սադրանքներից հետո՝ նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով հաստատվեց Հայաստան-Թուրքիա սահմանը։ Այսպիսով,Հայաստանը ստանում էր Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների զգալի մասը՝ 90 հազարից 103,5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով։ 2 օր անց Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում, սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները, որոնք, մեծ հաշվով, չավարտվեցին, որովհետև օրեր անց Կարմիր բանակը մտավ Հայաստան ու Առաջին հանրապետությունը խորհրդայնացվեց:

Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի հուշերում անկախ հանրապետության վերջին օրը լռության ու Արարատի մասին էր:

Սիմոն Վրացյան

 «Մենք հանգիստ ցրվեցինք մեր տներով: Հանգիստ ու խաղաղ էր քաղաքը: Խաղաղ էր նաև ԱրարատըԼռությունը պարուրել էր սենյակը, ինչպես մեր հոգիները»

Դեկտեմբերի 2-ից հայերի համար պատմական ծանր ժամանակները նոր փուլ թևակոխեցին՝ նոր ծանր մարտահրավերներով:

Ռուսների կողմից ձերբակալվեցին հայոց բանակի 1000-ից ավելի սպաներ, այդ թվում՝ Հայաստանի Առաջին հանրապետության հաղթական հիմնաքարը դրած Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի հերոսներն ու հրամանատարները, որոնց թվում էին Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանց ծաղրելով, որոշներին էլ սպանելով։ Ողջ մնացածներին էլ ուղարկեցին Բաքվի և Ռուսաստանի բանտեր։ Դիլիջանի շրջանում էլ գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ-Փիրումյանը։

Գեներալ Դանիել Բեկ-Փիրումյան

Գոյության ընդամենը 2 տարում Հայաստանի առաջին հանրապետությունը 4 վարչապետ ունեցավ և 8 կառավարություն: Ուշագրավ է, որ Հայաստանի առաջին հանրապետության ռազմական բոլոր նախարարները եղել են անկուսակցական, որովհետև ըստ Արամ Մանուկյանի՝ ռազմական գործչի կուսակցությունը պետք է բացառապես հայրենիքը լինի:

Արամ Մանուկյան

Դար է անցել Առաջին հանրապետությունից: Բացառությամբ օրհներգի, դրոշի ու մայրաքաղաքի՝ մեր օրերում մեր աչքի առաջ մեր իրականությանն են հետևում Արամի փողոցում գտնվող Արամ Մանուկյանի տան կիսաքանդ պատերը, Հանրապետության 37 հասցեում գտնվող Երևանի նահանգի նահանգապետի գրասենյակը, որի 2-րդ հարկի պատշգամբից առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը հայտարարեց Հայաստանի անկախության մասին, իսկ Առաջին հանրապետության տարիներին այն Կառավարության շենքն էր, որի վրա մեր օրերում «նորագոյացություն» կա՝ պատմական ու ճարտարապետական արժեքը փչացնող:

Արամ Մանուկյանի տունը՝ ավերակների վերածված

Իսկ որպես կանոն՝ մեր պատմությունն ու մշակույթը հենց «նորագոյացությունների» ու դրանց նկատմամբ մեր անտարբերության հետևանքով են արժեքի գնահատման փոխարեն գնով չափվում:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում