Խերսոնի մարզում ջրի մակարդակը սկսել է իջնել
![Խերսոնի մարզում ջրի մակարդակը սկսել է իջնել](https://times.am/v3/wp-content/uploads/2023/06/130023715_e70c5c2d4e1160ed5844903825a79303707bffa1706_941_4459_25084459x2508.jpg.webp)
Նմանատիպ
Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզման հետևանքով 17 բնակավայրերում հեղեղվել է գրեթե 22 300 բնակելի տուն:
![BBC-ի հրապարակած արբանկայային պատկերը ցույց է տալիս Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման արդյունքում Դնեպր գետի հունի փոփոխությունն ու աղետի մասշտաբները հունիսի 7-ի դրությամբ](https://times.am/wp-content/uploads/2023/06/բբց.jpg)
BBC-ի հրապարակած արբանյակային պատկերը ցույց է տալիս Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման արդյունքում Դնեպր գետի հունի փոփոխությունն ու աղետի մասշտաբները հունիսի 7-ի դրությամբ
Նման տվյալներ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայություններին:
TACC-ի զրուցակիցը հայտնել է, որ Նովայա Կախովկա քաղաքում ջրի մակարդակը 2 մետրով իջել է՝ հասնելով 10 մետրի: Ժամանակավոր կացարաններում է գտնվում 1117 մարդ:
Ուկրաինական կողմը ևս հաղորդել է ջրի մակարդակի նվազման մասին: Ըստ մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի՝ Խերսոնի մարզում՝ Կախովկայի ՀԷԿ-ի մերձակա բնակավայրերում, ջրի մակարդակը նվազել է 20 սմ-ով:
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ մայիսի 9-ի առավոտվա տվյալներով՝ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող հատվածներում 32 բնակավայրերում հեղեղվել է 3624 տուն, տարհանվել է 2352 մարդ և շուրջ 550 կենդանի:
Իր հերթին «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը հայտնել է, որ Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը շարունակում է նվազել և այսօր առավոտվա տվյալներով Նիկոպոլի շրջանում կազմել է 11,47 մետր: Ընդհանուր առմամբ, հունիսի 6-ից ջրի մակարդակը նվազել է արդեն 4,7 մետրով:
Հունիսի 8-ի երեկոյան Խերսոնի մարզի իշխանությունները և «Ուկրհիդրոէներգո»-ի ղեկավար Իգոր Սիրոտան հայտնել էին, որ ջրամբարում ջրի մակարդակը իջել է, այսպես կոչված, «մեռյալ կետից»՝ 12,7 մետրից, երբ անհնար է դառնում ջրառ իրականացնել բնակավայրերի և Զապորոժիեի ԱԷԿ-ի համար։
Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հայտնել էին, որ չնայած Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը նվազել է նախկինում կրիտիկական համարվող մակարդակից, սակայն Զապորոժիեի ԱԷԿ-ը դեռ կարող է ջրամբարից ջուր մղել հովացման համակարգերի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում