Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հետևանքով ջրածածկ են եղել ամբողջ բնակավայրեր

Կախովկայի ՀԷԿ-ի վթարի հետևանքով ջրածածկ են եղել ամբողջ բնակավայրեր

Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո Դնեպր գետի հոսանքը 10 անգամ արագացել է, ինչը մեծապես բարդացնում է հարակից բնակավայրերում փրկարարական գործողությունների իրականացումը։

Այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը։

Խերսոնի մարզը, որտեղ գտնվում է Կախովկայի ՀԷԿ-ը, Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ անցել է ՌԴ-ի վերահսկողության տակ: Բնակչության տարհանումներ են իրականցվում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից:

Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ վտանգավոր գոտիներից ժամանակին չմեկնած մարդկանց ստիպված իջեցնում են տանիքներից և ցանկապատերից։

«Երեկ մենք նրանցից շատերին ապարդյուն  համոզում էինք մեկնել ժամանակավոր տեղավորման վայրեր,- գրել է նա  Telegram ալիքում: – Այսօր հարկադրված նրանց մոտ ենք հասնում ԱԻՆ-ի (Արտակարգ իրավիճակների նախարարության) լողամիջոցներով: Խնդիրը բարդանում է նաև նրանով, որ Դնեպրի հոսանքի արագությունը 10 անգամ ավելացել է»։

Տարածաշրջանի կառավարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների խումբն ավելացվել է մինչև 428 հոգի և 188 միավոր տեխնիկա, մոբիլիզացվել են մարզում առկա բոլոր արտաճանապարհային բեռնատարներն ու ավտոբուսները։ Նա ընդգծել է, որ աշխատանքն իրականացվում է շուրջօրյա։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ-ի կողմից տարածաշրջանի նահանգապետի պաշտոնակատար նշանակված Վլադիմիր Սալդոն, արդեն ավելի քան 4000 մարդ է տարհանվել ջրհեղեղից տուժած շրջաններից: Իսկ Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ Դնեպրի աջ ափին գտնվող բնակավայրերից տարհանվել է 1900 մարդ:

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում