Ինքնաճանաչման խնդիր ունենք. պիտի հասկանանք` եվրոպական, թե ասիական քաղաքակրթություն ենք
Նմանատիպ
«Այնպես է ստացվել, որ ՀՀ-ում բոլոր թերթ կարդացողները քաղաքագետներ են, բայց քաղաքագիտությունը նույնպես գիտություն է և քաղաքագետը պետք է առնվազն մի խորանարդ գիրք կարդացած լինի և, որ ամենակարևորն է` կարողանա քաղաքական զարգացումների մասին դատել, խոսել, վերլուծել ոչ այնպես, ինչպես բոլորը, այլ ուրույն հայացքով, ոչ թե ամեն ինչ սև է կամ սպիտակ»,-Times.am–ի հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը:
– Չկա քաղաքականություն, չկա նաև քաղաքագիտություն, ուստի երբեմն կարծիքներ են հնչում` մի երկրում, որտեղ քաղաքականություն չկա, քաղաքական դպրոցն ինչների՞ս է պետք:
Սա հիշեցնում է ինձ այն վեճը` ձուն է հավից, թե հավը ձվից: Նախ` համաձայն չեմ, որ ՀՀ-ում ընդհանրապես քաղաքականություն չկա, կա, գուցե վերացական հատկանիշներով, բայց գոյություն ունի: Հիմա մենք եթե չփորձենք զարգացնել, ընդհանրապես չի լինի: Կան բաներ, որ պիտի անես, որ սովորես, կան բաներ, որ պիտի սովորես, որ անես: Անկախության սկզբնավորողներն արեցին բաներ և սովորեցին: Եթե ուզում ես աշխարհաճանաչման, ինքնաճանաչման ճանապարհով անցնես և այդ ընթացքում հասկանաս քո թափը, պետք է սովորես: 21-րդ դարում առանց գիտելիքի չես կարող զարգանալ և տնտեսական, և քաղաքական, և իրավական առումով, չես կարող ունենալ իրավատեր հանրություն:
– Ավելի քան 20 տարվա ընթացքում մենք այդպես էլ չկարողացանք մեզ մոտ զարգացնել նաև բանավեճի մշակույթը, ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածուները ոչ մի կերպ չեն նստում բանավեճի սեղանի շուրջ` թույլ տալով, որ ընտրողն իրեն գնահատի ըստ մտավոր, հռետորական, գործնական կարողությունների, ըստ արածի և չարածի մասին բերված փաստերի առավել հիմնավոր լինելու:
Դա քաղաքական մշակույթի խնդիր է, Հայաստանը երկար ժամանակ զուրկ լինելով անկախությունից, քաղաքական բանավեճի մշակույթի հնարավորությունները չեն զարգացել: Այո, հասարակության մեջ էլ ականատեսն ենք բանավիճելու մշակույթի բացակայության կամ ցածր մակարդակի: Օրինակ, հիմա նախաձեռնություն կա սահմանադրական փոփոխությունների, անկախ նրանից դեմ ես, թե ոչ, պիտի համաձայնես քննարկումներին մասնակցել: Դու քո արգումենտն ասա, նա իրենը: Այս ձևով դու կապացուցես քո ասածի անխոցելությունը, մարդիկ էլ կտեսնեն, թե ով է ճիշտ, ում ասածն է հիմնավոր: Ձեր կողմից բարձրացված հարցը կարևոր է երկրի զարգացման տեսանկյունից: Հայաստանն առանց բանավեճի, առանց կարծիքների բախման, համադրման մշակույթի, զարգանալու հնարավորություն չի ունենալու:
-Երբ ներքին կամ արտաքին քաղաքական դաշտում ձախողում ենք ունենում, անընդհատ ասում ենք, որ դե ընդամենը 23 տարվա անկախ պետություն ենք` մոռանալով մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ազգ լինելու մասին, որը լուրջ քաղաքակրթության կրող է եղել:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2014-2015 ուսումնական տարվա բացման արարողությանն ասացի, որ ինքնաճանաչման խնդիր ունենք:Մենք պատմական լուրջ ժառանգություն ունենք, ուստի Խորենացի պիտի լուրջ կարդանք, Աբովյան պիտի լուրջ կարդանք, Ուռհայեցի պիտի լուրջ կարդանք, Պռոշյանին պիտի ճիշտ կարդանք: Այսօր սա ընթերցվում է, որպես ժամանցային գրականություն, բայց նրանց գեղարվեստական գրվածքները մեր պատմության արտացոլանքն են: էս տեսանկյունից պիտի դիտարկենք գրականությունը, որպեսզի մեր պատմությունը հասկանանք, որ տեսնենք սուր և ոչ սուր արտահայտված թերությունները պետականության զարգացման ճանապարհին, որոնք պիտի շտկենք: Պիտի հասկանանք, թե որն է բխում մեր շահերից: Այսօր մենք պիտի հասկանանք` եվրոպական, թե ասիական քաղաքակրթություն ենք:Առանց էս հարցերին պատասխանելու` առաջ շարժվել հնարավոր չէ:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում