ՀՅԴ հայտարարությունը

ՀՅԴ -ն հուլիսի 5-8-ը Լոռիում գումարած 17-րդ Գերագույն Ժողովն անցկացնելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ.

«Քննարկելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գործունեությունը, անցած երկամյակում երկրում տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումները, խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու հաջորդած իրադարձությունները, Ժողովը կատարել է իրավիճակի արժեւորում եւ նախանշել առաջիկա երկու տարիներին Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան գործունեության հիմնական ուղենիշները, ռազմավարությունն ու անելիքները։

Գերագույն Ժողովը ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում։ Կուսակցությունը վճռական է Դաշնակցության ավանդույթների, հեղափոխական, ընկերվարական, ժողովրդավարական, ազգային ծրագրային հենասյունների վրա խարսխված իր գործուեությունը ծավալել երկրում ազատության ու արդարության, ազգային մեր խնդիրների լուծման համար պայքարում։

ՀՅԴ հայաստանյան կազմակերպությունը, համահայկական կառույցով շարունակելու է իր երթը մեր երկրի ազգային ռազմավարական խնդիրների լուծման, ծառացած մարտահրավերների հաղթահարման, Հայության արդար դատի հաղթանակի համար’ մերժելով պարտվողական կեցվածքները, պարտադրելով վերջնականապես հրաժարվել հայ¬թուրքական նվաստացուցիչ արձանագրություններից։
Գերագույն Ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու՝ գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպսարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը։

ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով։

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վճռական է պայքարը շարունակել Հայաստանի հանրապետությունում պետության, կուսակցության եւ քաղաքական իշխանության նույնացման, մեր երկրում արդարության ու արդարադատության հաստատման, քաղաքացուն ազատ ապրելուն, աշխատելուն եւ արարելուն խանգարող բոլոր խոչնդոտների չեզոքացման ուղղությամբ։

Պետությունը թուլացնող այդ երեւույթների եւ ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանքն են ահագնացող աղքատությունը, սոցիալական բեւեռացումը, սպառնալի ծավալների հասնող արտագաղթը, օրավուր աճող արտաքին պարտքը, ազատությունը խոչնդոտող մենաշնորհների ամրապնդումը, որոնց արդյունքում վերանում է ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու է մեր երկրում քաղաքական ընտրության միջոցով բոլոր մակարդակներում ժողովրդի իշխանության հաստատման համոզումով։

Համոզված ենք, որ ազգային նպատակների իրականացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման երաշխիքը ազատ քաղաքացին եւ արդար պետությունն են։

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպությունը վճռական է այս գործում շարունակել իր ընթացքը եւ հետամուտ լինել ստանձնած առաքելությանը’ մեր երկրում հաստատել արդարություն և ազատություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում