Հունիսի 30-ը պատմության մեջ

Հունիսի 30-ը պատմության մեջ

Հունիսի 30-ին՝ տարբեր տարեթվերի, տեղի են ունեցել մի շարք հիշարժան իրադարձություններ։ Դրանց մեջ կան դեպքեր, որոնք կարևոր հետք են թողել մարդկության պատմության հետագա ընթացքի վրա։ Times-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

Հարաբերականության տեսություն 

1905թ-ի հունիսի 30-ին Ալբերտ Էյնշտեյնը ներկայացրեց իր Հարաբերականության հատուկ տեսությունը։ Այն ֆիզիկայի հիմնարար տեսություն է, որը բացատրում է տիեզերքում օբյեկտների վարքը: Այդ ժամանակից ի վեր տեսությունը դարձել է ժամանակակից գիտության ամենակարևոր հայտնագործություններից մեկը: Դրա սկզբունքների վրա է հենվում ժամանակակից ֆիզիկան։

Հարաբերականության հատուկ տեսությունը հիմնված է լույսի արագության կայունության սկզբունքի վրա։ Այն ասում է, որ ֆիզիկայի օրենքները նույնն են բոլոր դիտորդների համար ՝ անկախ նրանց հարաբերական շարժումից:

Տունգուսյան երկնաքար

Տունգուսյան երկնաքարի պայթյունից տապալված ծառեր Տայգայում․ Լուսանկարը՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա․ 1927թ․

1908թ-ի հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7։17 րոպեին կենտրոնական Սիբիրի բազմաթիվ բնակիչներ երկնքում նկատում են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք շարժվող շատ պայծառ հրե գունդ, որն իր հետևից հսկա ամպ էր թողնում: Շուտով Պոդկամեննայա Տունգուսկա գետի մոտակայքում տեղի է ունենում հզոր պայթյուն, ինչի հարվածային ալիքը տապալում ու այրում է մոտ 2000 կմ/ք մակերեսով հսկա անտառը:

Պայթյունի արդյունքում առաջացած հարվածային ալիքը շրջանցում է ամբողջ մոլորակը և ֆիքսվում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հետազոտական կենտրոնների կողմից: Հաշվի առնելով, որ պայթյունի օջախը բավականին նոսր էր բնակեցված, հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից, բայց մի քանի զոհերի մասին վկայություններ ամեն դեպքում պահպանվել են:

1927 թվականից սկսած դեպքի վայրում աշխատել են ռուսական և արտասահմանյան տասնյակ գիտական արշավախմբեր` փորձելով բացահայտել «Տունգուսյան երկնաքար» պայմանական անունը ստացած առեղծվածը։ Ուսումնասիրությունների արդյունքում դոմինանտ է դարձել հետևյալ տեսակետը․ 1908 թվականի հունիսի 30-ին արևելյան Սիբիրի մթնոլորտ է մուտք գործել մոտ 100 մետր տրամագիծ ունեցող քարե կամ երկաթե երկնաքար, որը պայթել է 10-ից 15 կմ բարձրությունների վրա 50 մեգատոննա ուժգնությամբ՝ առաջացնելով հզոր հարվածային ալիք և չառաջացնելով մեկ մեծ խառնարան։ Նշենք, որ պատմության ընթացքում փորձարկված ամենահզոր միջուկային զենքը՝ Նոր Երկիր կղզում պայթեցված «Ցար» ռումբի հզորությունը եղել է 58 մեգատոննա։

«Տունգուսյան երկնաքարի» ներկայացված վարկածը գիտական շրջանակներում ընդունված գլխավոր, սակայն ոչ միակ վարկածն է։

Մայք Թայսոն

1966թ-ի հունիսի 30-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ծնվել է համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի և ճանաչված մարզիկներից մեկը՝ Մայք Թայսոնը։ Նա բռնցքամարտի ծանրքաշային կարգում երիտասարդների Օլիմպիական չեմպիոն է,  աշխարհի բացարձակ չեմպիոն, WBA, IBF վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր մի շարք ցուցանիշներով։

Թայսոնը համարվում է այս մարզաձևի ամենաճանաչված և տիտղոսակիր սպորտսմեններից մեկը։ Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Մայք Թայսոնը կրել է ընդամենը 6 պարտություն, որոնցից 4-ը տիտղոսների համար մարտերում, իսկ 2-ը՝ ոչ տիտղոսային մենամարտերում։ Իր առաջին պարտությունը նա կրել է 1990թ-ին Բաստեր Դուգլասից 10-րդ ռաունդում նոկաուտով, ինչը կասեցրել է նրա 37 անընդմեջ հաղթանակներից կազմված մենամարտերի շարքը։

Սերժ Սարգսյան 

1954թ-ի հունիսի 30-ին Ստեփանակերտ քաղաքում ծնվել է Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 1990թ-ին նա ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին կրկին ղեկավարել է  ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2008 թվականի փետրվարի 19-ին և 2013թ-ի փետրվարի 18-ին ընտրվել է ՀՀ նախագահ։

Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է 2020թ-ի նոյեբերի 20-ին։ Նախկին նախագահն ունի 2 դուրստր։

Լոնդոնի Թաուեր կամուրջը 

1894թ-ի հունիսի 30-ին բացվել է Լոնդոնի Թաուեր կամուրջը։ Այն ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններց է և համարվում է Լոնդոնի խորհրդանիշերից մեկը։ Ճարտարապետն է Հորացե Ջոնսը։

Կամուրջն ունի մոտ 240 մետր երկարություն և ապահովում է բացվածք 76 մետր լայնությամբ: Նրա զույգ աշտարակները բարձրանում են Թեմզայից 61 մետր բարձրության վրա։ Աշտարակների արանքում ձգվում են զբոսաշրջիկների շրջանում տարածված մեկ զույգ ապակեպատ արահետներ: Հետիոտնային անցուղիներն ի սկզբանե նախագծված էին, որպեսզի թույլ տային հետիոտներին անցնել նույնիսկ այն ժամանակ, երբ կամուրջը բարձրանում էր, բայց դրանք դարձան մարմնավաճառների և գողերի հանգրվաններ, ուստի փակվեցին 1909-1982 թվականներին: Թաուերի կամուրջը շահագործվում էր ջրային պոմպերով, որոնք շարժվում էին գոլորշու միջոցով մինչև 1976 թ-ը, երբ շահագործման հանձնվեցին ջերմային շարժիչներ։ Գոլորշու էներգահամակարգը դեռ պահպանվում է (լավ վերանորոգված)՝ զբոսաշրջիկներին ցուցադրելու համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում