Ֆրանց Կաֆկա. 12 փաստ հայտնի գրողի մասին

Ֆրանց Կաֆկա. 12 փաստ հայտնի գրողի մասին

Հուլիսի 3-ը հանճարեղ գրող, էքզիստենցիալիզմի, սյուրռեալիզմի ականավոր ներկայացուցիչ, «Կերպարանափոխություն» և «Դատավարություն» երկերի հեղինակ Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է։

Այսօր նշվում է նրա 140-ամյակը։

Times-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ Կաֆկայի մասին։

1․ Կաֆկան հրեա էր․ ծնվել է 1883թ․-ին Բոհեմիայի թագավորության մայրաքաղաք Պրահայում՝ գերմանախոս հրեաների ընտանիքում։

2․ Ընտանիքի 6 երեխաներից ավագն է եղել․ Փոքր տարիքից գրում էր պատմություններ, իսկ ընտանեկան հավաքույթների ժամանակ նրա գրած պիեսները խաղում էին ինքն ու  քույրերը:

Կաֆկայի քույրերը՝ Վալլին, Էլլին և Օտլան

3․ Բարդ ու լարված հարաբերություններ հոր հետ․ Կաֆկան մոտ 100 էջանոց նամակ է գրել հորը («Կարճ նամակ հորը»), ուր կռիվ է տվել նրա բռնակալական և իշխող հայացքների դեմ: Չնայած այս ամենին՝ մինչ 31 տարեկանը ապրել է հոր հետ մի տանիքի տակ:

4․Տառապել է ֆիզիկական թերարժեքության բարդույթով․ ի տարբերություն իր հաղթանդամ ու բարձրահասակ հոր՝ Կաֆկան եղել է փոքրամարմին ու իրեն թզուկ է զգացել հոր կողքին։

5․ «Կաֆկա» նշանակում է ճայակ․ Հերման Կաֆկան՝ Ֆրանցի հայրը, աշխատել է որպես նորաձև ապրանքների ու հագուստի մանրավաճառ։ Նա ճայակի կամ ագռավի (չեխերեն՝ kavka (կաֆկա) նկարն օգտագործել է որպես իր բիզնեսի պատկերանիշ։

6․ Կաֆկան իր արտաքին տեսքի նկատմամբ շատ բծախնդիր էր: Օրինակ՝ համալսարան մեկնելուց առաջ նա կարող էր ժամերով կանգնել հայելու առջև, ուշադիր զննել դեմքը և հարդարել մազերը:

Կաֆկայի ծնողները՝ Հերման և Ջուլի Կաֆկաները

7․ Իրավագիտության դոկտոր էր․ Թեպետ Կաֆկան ատում էր այն ամենը, ինչը կապ չուներ գրականության հետ, բայց 1906թ․-ին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում։

8․ Ցերեկվա ժամը երկուսից հետո չէր աշխատում: Նա գիտակցաբար ընտրել էր այնպիսի աշխատանք (աշխատում էր ապահովագրական ընկերությունում), որ ազատ ժամանակն ավելի շատ լինի, քանի որ գրելու համար ևս ժամանակ էր պետք։

9․ Կաֆկան բուսակեր էր․ Թեև Ֆրանցի պապը մսագործ էր, այդուհանդերձ նա բուսակեր էր: Ֆրանցը սարսափում էր նույնիսկ սատկած կենդանիների տեսքից։ Մսից հրաժարվել էր  էթիկական սկզբունքների և  հատուկ սննդակարգի պատճառով: Մի անգամ, նայելով ակվարիումի մեջ լողացող ձկանը, ասում է. «Այժմ ես կարող եմ քեզ նայել հանգիստ խղճով, որովհետև էլ չեմ ուտելու քեզ»:

10․ Կաֆկան սիրում էր հաճախել նուդիստական լողափեր, ուր մշտապես հրաժարվում էր լողազգեստը հանել։ Այդ պատճառով նրան կոչում էին «լողազգեստով նուդիստը»։

11․ Երբեք չի ամուսնացել, բայց նշանվել է երեք անգամ, որից երկուսը նույն կնոջ՝ Ֆելիս Բաուերի հետ:

12․ Կաֆկան պատվիրել է վառել իր բոլոր ձեռագրերը․ Երբ արդեն հիվանդ էր թոքախտով ու զգում էր մոտալուտ մահը, խնդրում է մտերիմ ընկերոջը՝ Մաքս Բրոդին, և սիրելիին՝ Դորա Դիամանտին, վառել իր բոլոր ձեռագրերը: Դորան այրում է, սակայն Մաքս Բրոդն ընկերոջ խնդրանքը չի կատարում:

Նրա շնորհիվ մահից հետո Կաֆկայի ստեղծագործությունները տպագրվել են։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում