«Գյուլնազ տատի հեքիաթները» և Ղազարոս Աղայանը

«Գյուլնազ տատի հեքիաթները» և Ղազարոս Աղայանը

Վստահ ենք՝ շատերդ եք լսել «Գյուլնազ տատի հեքիաթներ» արտահայտությունը։ Ոմանք այն կիրառում են որպես հեգնական արտահայտություն, ոմանք էլ՝ իբրև անիրական, հորինված մի բանի մասին խոսելիս։

Որտեղի՞ց է եկել այդ արտահայտությունը, ո՞վ է դրա հեղինակը և ինչո՞ւ։

Այսօր հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանի մահվան օրն է։ Հենց նա է ստեղծել Գյուլնազ տատի կերպարը։ Աղայանը մտահոգ էր կրթական հարցերով։ Նա մշակել է մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկա, գրել է դասագրքեր՝ տարրական ուսուցման չորս տարիների համար։

«Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների ընթացքում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։

Աղայանը հասկանում էր, որ դասագրքերից զատ, երեխաները պետք է կրթվեն գրականության միջոցով։ Իսկ այդ հարցում լավագույնս կարող էին օգնել հեքիաթները։

Այդպես, բազմաթիվ հերոսների կողքին Աղայանը հորինում է Գյուլնազ տատի կերպարը, որն ուներ իրական հիմք։ Բացի այդ, նա այս կերպարի մեջ ամբողջացրել է ժողովրդական իմաստությունը, հումորը, երևակայությունը։ Հենց նա էլ դառնում է Աղայանի գաղափարակիր խոսափողը։ Բարու և չարի պայքարը, լավ ու վատի հարաբերությունը, մարդկային արատների մասին պատկերացումները հենց Գյուլնազ տատն է տալիս։ Նա թոռներին հավաքում է իր շուրջը և պատմում պատմություններ։

«Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթում Գյուլնազ տատը ասում է՝ «Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Աղայանը պարզ ճշմարտությունները երեխաներին հայտնում է հասանելի լեզվով՝ Գյուլնազ տատի լեզվով։ Օրինակ՝ «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում»։

Հաճախ Գյուլնազ տատը գիտական հենք չունեցող մտքեր է արտահայտում, սակայն դա էլ, ըստ Աղայանի, աշխարհը երեխաներին հասկանալի դարձնելու մի ձև է, երևակայելու ու հորինելու հնարավորություն։ Նա ասում է. «ցերեկն ու գիշերը մի ծեր մարդու ձեռքում են գտնվում։ Ծերունին նստած է մի բարձր սարի վրա և երկու կծիկ ունի ձեռին, մինը՝ սև, և մյուսը՝ սպիտակ։ Երբ որ գլորում է սև կծիկը՝ աշխարհքը մթնում է, և երբ որ սպիտակն է գլորում՝ լուսանում է և ցերեկ դառնում»։

Աղայանը գրել է՝ «Գյուլնազ տատն իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան»։

Այս արտահայտությունն էլ հուշում է, թե ինչու է այսօր ժողովրդի մեջ տարածվել «Գյուլնազ տատի հեքիաթներ» արտահայտությունը և ստացել ամենատարբեր երանգավորում՝ կիրառվելով սկսած անիրական որևէ երևույթ նկարագրելիս, մինչև հեգնական, անհավատալի մի բանի մասին խոսելը։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում