ՀՀ–ն և Վրաստանը կհամագործակցեն ապօրինի ռեզիդենտների հետընդունման հարցում
Նմանատիպ
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։
Ըստ նախագծի` համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից: Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումը կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:
Միջազգային այս պայմանագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:
Համաձայնագրով իրավական հիմք կստեղծվի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու և հարցազրույցների անցկացման կարգերը, անձի հետընդունման մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ռեադմիսիայի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2014թ. հունվարի 1-ից: Մինչ այս Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետության հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում