ԵՄ-ն կավելացնի զինամթերքի արտադրությունը

ԵՄ-ն կավելացնի զինամթերքի արտադրությունը

Եվրամիության անդամ երկրների կառավարությունները և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հինգշաբթի օրը՝ հուլիսի 6-ին, համաձայնության են եկել եվրոպական պաշտպանական արդյունաբերության համար ֆինանսական խթանների ծրագրի շուրջ` արտադրական կարողությունների արագ ընդլայնման համար:

Դեռևս մայիսին ծրագիրը առաջարկվել է Եվրահանձնաժողովի կողմից և նախատեսում է ԵՄ բյուջեից 500 մլն եվրոյի հատկացում։

«Այս համաձայնագիրը ևս մեկ ապացույց է՝ Ուկրաինային աջակցելու ԵՄ-ի անսասան հանձնառության»,- հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը, որը ներկայում նախագահում է ԵՄ խորհրդում։ «Այն նաև ցույց է տալիս ԵՄ պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերական բազայի ամրապնդման կարևորությունը և ապահովում է ԵՄ քաղաքացիների երկարաժամկետ անվտանգությունն ու պաշտպանությունը», – ասել է նա:

Նախագծի նախադրյալը ԵՄ երկրների դժվարությունն էր Ուկրաինային բավարար քանակությամբ հրետանային զինամթերք, ինչպես նաև հրթիռներ մատակարարելու հարցում։
Արտադրության ավելացումը նպատակ ունի կանխել ուկրաինական զինված ուժերի հետագա դժվարությունները, ինչպես նաև ապահովել ԵՄ երկրներին ինքնապաշտպանվելու հնարավորությամբ՝ զինամթերքի բավարար պաշարների պահպանմամբ:

Համաձայնագիրը պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից։ Կարգավորումը կարող է ուժի մեջ մտնել մինչև հուլիսի վերջ, նշում է dpa գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ աղբյուրները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում