44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը կլինի անվճար
Նմանատիպ
44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանն՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները:
Անուշ Լալազարյանն ընդգծեց, որ նախադպրոցական հաստատություններում սովորողներին տրվող մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման նախագիծը ենթարկվել է փոփոխության: Ըստ նրա՝ փոփոխության ենթարկվելու հիմքերը կապված են 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքում սովորողների հետ, ովքեր փոփոխության համաձայն նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթություն կստանան: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի կողմից:
«44-օրյա պատերազմից հետո ԿԳՄՍ նախարարությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ծրագիր իրականացրեց, որի արդյունքում ԿԳՄՍՆ-ին փոխանցվեց արդեն հաշվառված երեխաների մասով տեղեկատվություն: Հարցման արդյունքում պարզվեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների ընտանիքների երեխաների թիվը շուրջ 127 է, սակայն մեր ֆինանսավորման կարգի փոփոխության արդյունքում դրան կավելանան նաև զինծառայողների, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների ընտանիքների երեխաները»,-նշել է Անուշ Լալազարյանը:
Նա ընդգծել է, որ Երևանի նախադպրոցական հաստատությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի հաշվին, սակայն մարզերում ֆինանսավորումը իրականացվում է ծնողների համավճարների հիման վրա, ուստի ֆինանսավորման կարգի փոփոխությամբ շահառու հանդիսացող երեխաների անվճար կրթությունը վերաբերվում է մարզերի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաներին, որը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբեր 1-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում