G7-ի երկրները Ուկրաինային կառաջարկեն երկարաժամկետ օգնության փաթեթ

G7-ի երկրները Ուկրաինային կառաջարկեն երկարաժամկետ օգնության փաթեթ

Ակնկալվում է, որ Մեծ յոթնյակի անդամ երկրները Ուկրաինայի հետ կվավերացնեն անվտանգության լայնածավալ պայմանագիր, որը կներառի պաշտպանական սարքավորումներ, ուսուցում և հետախուզության փոխանակում:

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այս պայմանագիրը որակել է  «ուժեղ ազդանշան» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Առաջնորդները հռչակագիրը կստորագրեն այսօր՝ հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի պաշտպանական գագաթնաժողովի երկրորդ օրվա շրջանակում:

Զելենսկու հետ հանդիպումից առաջ ելույթ ունենալով՝ Սունակը հայատարարել է, որ Կիևի դաշնակիցներն ուժեղացնում են իրենց «պաշտոնական պայմանավորվածությունները՝ Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանելու հարցում»։

«Մենք երբեք չենք կարող հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել Ուկրաինայում, և այս հռչակագիրը վերահաստատում է մեր հանձնառությունը՝ ապահովելու, որ այն (Ուկրաինան) այլևս խոցելի չմնա նման դաժանության նկատմամբ, որը գործադրել է Ռուսաստանը»,- ասել է Սունակը։

Բրիտանացի պաշտոնյան հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան առաջատար դեր է խաղացել G7-ի գործընկերներ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի կնքման գործում:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել էր Ուկրաինայի համար մոդել, որը նման է Իսրայելի հետ ԱՄՆ-ի ունեցած համաձայնագրին։ Համաձայն այդ գործարքի՝ Վաշինգտոնը պարտավորվել է մեկ տասնամյակի ընթացքում տարեկան տրամադրել 3,8 միլիարդ դոլար ռազմական օգնություն:

Սակայն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամակցության, սա չի ներառում կետ՝ հարձակման ժամանակ թիրախային պետությանը օգնության հասնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մեծ յոթնյակի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ուկրաինան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հրավեր կստանա, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները համարեն, որ դրա պայմանները բավարարված են։ Զելենսկին այս հայատարարությունը անվանել է «անհեթեթ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում