«Վագներ» ՄՌԿ գոյություն չունի․ Վլադիմիր Պուտին

«Վագներ» ՄՌԿ գոյություն չունի․ Վլադիմիր Պուտին

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը բացառիկ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրանից հետաքրքրվել «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավարների հետ իր ունեցած հանդիպման մանրամասներից։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Կրեմլում տեղի է ունեցել 3 ժամանոց հանդիպում Վլադիմիր Պուտինի և «Վագներ»-ի պարագլուխների միջև։

«Պատմեք՝ իրականում ինչպես է ամեն ինչ եղել»,-խնդրել է լրագրողը:

«Իսկ ի՞նչ է եղել իրականում. ամեն ինչ շատ պարզ է և ակնհայտ ռուսական հանրության համար: «Վագներ»-ի շարքային մարտիկներն արժանապատվորեն են կռվել, ուստի… Ցավալի է այն փաստը, որ նրանք ներքաշվել են այս իրադարձությունների մեջ… Ես այսպես կարտահայտվեմ, շատ զգույշ…», – ասել է Պուտինը:

Լրագրողն իր ռեպորտաժում նկատում է, որ ՌԴ նախագահն իսկապես ցանկանում էր առաջին հերթին «Վագներ»-ի մարտիկների հետ հանդիպել, ոչ թե Եվգենի Պրիգոժինի:

«Մի կողմից հանդիպմանը ես գնահատական տվեցի մարտի դաշտում նրանց արածին, մյուս կողմից՝ հունիսի 24-ի իրադարձությունների ժամանակ արածին։ Երրորդ, ներկայացրել եմ նրանց ծառայության հետագա անցման հնարավոր տարբերակները, ներառյալ մարտական օգտագործումը: Այսքանը», – նշել է ՌԴ նախագահը:

Հանդիպումը տևել է երեք ժամ:

«Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Վագները» մասնավոր ռազմական ընկերությունը կմնա որպես մարտական միավոր», – հետաքրքրվել է լրագրողը։

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերություն գոյություն չունի», – բացականչել է Պուտինը՝ հավելելով. «Մենք մասնավոր ռազմական կազմակերպությունների մասին օրենք չունենք: Այն պարզապես գոյություն չունի: Այսինքն՝ եթե չկա օրենք, ուրեմն չկա մասնավոր ռազմական ընկերություն»:

«Այդ դեպքում ի՞նչ էր այն»,-հարցրել է լրագրողը:

«Նման իրավաբանական անձ չկա»,- հավելել է Պուտինը։

«Խումբ կա, բայց իրավաբանորեն գոյություն չունի։ Սա առանձին խնդիր է՝ կապված օրինականացման հետ։ Բայց սա հարց է, որը պետք է քննարկվի Պետդումայում, կառավարությունում։ Դժվար հարց է»,- նշել է ՌԴ նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում