Եղիշե Չարենց․ հետաքրքիր փաստեր գրողի մասին

Եղիշե Չարենց․ հետաքրքիր փաստեր գրողի մասին

Հայ մեծանուն գրող, հանճարեղ մտածող Եղիշե Չարենցը՝ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը, ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում։ Մանուկ հասակից գրել և տպագրել է բանաստեղծություններ։ Մշտապես տարբերվել է թե՛ տաղանդով, թե՛ արտասովոր պահվածքով։ Իր անվան հետ են կապված բազմաթիվ հետաքրքիր դեպքեր։

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Եղիշե Չարենցի մասին։

1 Ուսուցիչը

1920 թվականի մայիսից մինչև նոյեմբեր Եղիշե Չարենցն աշխատել է որբանոցում՝ որպես հայոց լեզվի և թվաբանության ուսուցիչ։

Չարենցը ուսուցչի պաշտոնից զատ՝ փորձում էր ուրախությամբ լցնել որբերի առօրյան։

Նա մի օր էլ առաջարկում է որբանոցի երեխաների գնալ «Ֆրանսիա» ռեստորան՝ ճաշելու։ Որբանոցի կառավարիչը տեղյակ չէր նրա պլաններից, և երբ նրան ասում են, թե պետք է թույլտվություն վերցնել, պատասխանում է․ «Դատարկ բան է, դուք գնում եք դաստիարակի հետ։ Ես ռոճիկ եմ ստացել, տրամադրությունս լավ է, ուզում եմ ուրախանալ, իսկ մենակ անհնար է։ Ուզում եմ իմանալ նաև, թե որբերը կարո՞ղ են ուրախանալ և ինչպես են ուրախանում»։

2 Ընկերը

Հենց որբանոցում է Չարենցը ծանոթանում հայ գրականության ականավոր գործիչներից շատերի հետ։ Նրանց թվում էր Գուրգեն Մահարին։ Մահարին դառնում է գրողի գրական ընկերը, տառապանքների ականատեսն ու աջակիցը։ Մինչև կյանքի վերջ նրանց ընկերությունը պահպանվեց, թեև Մահարին գտնվում էր աքսորում։

3 Հավիտենական սերը

Որբանոցը բեկումնային շրջան էր Չարենցի համար։ Որբանոցում էր աշխատում նաև Չարենցի հավիտենական սերը` Արփենիկ Չարենցը։

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն Արփենիկը մնաց նրա հավերժական սերը, որին չկարողացան խամրեցնել ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ այլ կանայք։

1926թ․-ի դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում Չարենցը: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։

Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր՝ հավանաբար նվիրված Արփենիկին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցը տան բակում՝ խարույկի մեջ, այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները։

Չարենցը Արփենիկի թաղման արարողությունից առաջ հանել էր տվել կնոջ գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը։ Դրանք միշտ նրա հետ են եղել, ներշնչել են նրան, իսկ մյուսներին՝ վախեցրել։

4 Խենթը

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց։ Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձում է նրա հետ զրուցել, սակայն մերժում է ստանում։ Մերժումը խոցում է գրողի ինքնասիրությունը և, մի անգամ, քաղաքային այգում հանդիպելով աղջկան, ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Գրողին բանտից ազատում են Արփենիկի թաղմանը մասնակցելու համար։

5 Գրականության նվիրյալը

Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հյուգոյի, Պուշկինի, Մայակովսկու և ուրիշների գործերից, կազմել է դասագրքեր, հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ։

6 Վերջին ճանապարհը

1934թ․-ին տպագրվում է Չարենցի վերջին գիրքը՝ «Գիրք ճանապարհի»-ն։ Սա նրա ստեղծագործական կյանքի ամփոփումն էր, ինչ-որ չափով նաև՝ ապաշխարությունը, որը, սակայն, չի ընդունվում տեղի իշխանության կողմից, և դառնում է գրողի դատավճիռը։

Եղիշե Չարենցը մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին՝ Երևանի բանտում։

Առլինա ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում