Մարդու գործունեության հետևանքով անհետացած 5 կենդանատեսակներ

Մարդու գործունեության հետևանքով անհետացած 5 կենդանատեսակներ

Մարդու գործունեության հետևանքով վերջին 1 դարում Երկրագնդի վրա ապրող կենդանատեսակների ոչնչացման տեմպը արագացել է 100 անգամ, ինչն աննախադեպ երևույթ է մոլորակի գոյության 4 միլիարդ տարիների ընթացքում։ Տեսակների անհետացման նման տեմպ երբեք, ոչ մի դրվագում չի եղել։ Տասնյակ տեսակներ արդեն անհետացել են, հարյուրավոր տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին։ Կրճատվում է նրանց բնակության արեալը, պակասում է սնունդը, ինչը հանգեցնում է էկոհամակարգի փլուզման։

Times-ը ներկայացնում է կաթնասունների 5 ենթատեսակ և տեսակ, որոնք անհետացել են վերջին 100 տարիների ընթացքում՝ բացառապես մարդու գործունեության հետևանքով։

Կասպիան վագր 

Պահպանված տեղեկությունների համաձայն՝ Կասպիան վագրի վերջին առանձնյակը սպանվել է  Հյուսիսային Իրանում 1959 թվականին, կամ Աֆղանստանի հյուսիս-արևելքում 1997 թվականին: Կան նաև չապացուցված տեղեկություններ՝ համաձայն որոնց վագրերի Կասպիան ենթատեսակը մինչ օրս ապրում են Կասպից ծովի արևմտյան կողմում գտնվող լեռներում, անտառներում և տափաստաններում, ինչպես նաև Թուրքմենստանի անտառապատ տարածքներում։

Համենայնդեպս, նման տեղեկությունները որևէ ձև փաստագրված չեն։ Ինչպես անվանումից պարզ է դառնում՝ Կասպիան վագրերը բնակեցրել են Կասպից ծովի ավազանը, Առաջավոր Ասիան, Հայկական Լեռնաշխարը, Իրանական Բարձրավանդակն ու Կենտրոնական Ասիան։ Սակայն անխնա որսը կենդանիների գեղեցիկ մորթու համար, ինչպես նաև խիտ բնակեցված վայրերում մարդու հետ բնական արեալի մրցակցության պատճառով Կասպիան վագրերն անհետացել են։ Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանիները ունեցել են մինչև 3 մետր մարմնի երկարություն և համարվել են ցամաքային ամենախոշոր գիշատիչներից մեկը։

2․ Թասմանյան վագր 

Ավստրալիա մայրցամաքի էնդեմիկ ամենախոշոր գիշատիչ կենդանին է եղել․ Եվրոպացիների կողմից Ավստրալիան բացահայտելու պահին Թասմանյան վագրը համարյա ոչնչացման եզրին էր և պահպանվել էր միայն Թասմանյա կղզում․ այստեղից էլ ստացել է իր անվանումը։ Պարկավոր գիշատիչն արտաքինից ավելի նման է եղել գայլի կամ շան, սակայն մեջքի շերտերը նրան տվել են «վագր» պայմանական անունը, թեև գիշատիչը որևէ կապ չի ունեցել կատվազգիների ընտանիքի հետ։

Թասմանիայում ֆերմերական տնտեսությունների զարգացման արդյունքում կենդանին սկսեց կոնֆլիկտ ունենալ մարդկանց հետ, քանի որ որսում էր ընտանի կենդանիների։ Արդյունքում անխնա ոչնչացման հետևանքով 1936թ-ին արձանագրվեց այս կենդանատեսակի վերջին առանձնյակի մահը Հոբարտի կենդանաբանական այգում։

3․ Աֆրիկյան սև ռնգեղջյուր

Արևմտյան Աֆրիկայի սև ռնգեղջյուրը սև ռնգեղջյուրների անհետացած ենթատեսակ է։ Պաշտոնապես այն անհետացած է հայտարարվել 2011 թվականին։ Ենթադրվում էր, որ արևմտյան սև ռնգեղջյուրը գենետիկորեն տարբերվում էր ռնգեղջյուրի այլ ենթատեսակներից։ Ժամանակին այն տարածված է եղել Աֆրիկայի Սահարայից հարավ գտնվող սավաննայում, սակայն որսագողության պատճառով նրա թիվը նվազել է։ Արևմտյան սև ռնգեղջյուրը հիմնականում բնակվում էր Կամերունում, սակայն 2006 թվականից ի վեր հարցումները չեն հայտնաբերել որևէ առանձնյակի:

Կենդանիները մասսայաբար ոչնչացվել են իրենց եղջյուրների համար, որոնք սև շուկայում բարձր գին ունեն և կիրառվում են ամենատարբեր գործածությունների համար։

4․ Ճապոնական ծովառյուծ 

Ճապոնական ծովային առյուծը (Zalophus japonicus) ջրային կաթնասուն էր, որն անհետացած է համարվում 1970-ականներից։ Մինչև 2003 թվականը այն համարվում էր հարակից Կալիֆորնիայի ծովային առյուծի (Z. californianus) ենթատեսակ: Նրանք բնակվում էին Ճապոնական ծովում, հատկապես Ճապոնական արշիպելագի և Կորեական թերակղզու ափամերձ տարածքներում: Նրանք հիմնականում բազմանում էին ավազոտ լողափերում, որոնք բաց և հարթ էին: 1900-ականներից կենդանիների անխնա որսը թանկարժեք մորթու և ճարպի համար հանգեցրեց ճապոնական ծովային առյուծների լիովին ոչնչացմանը։

Բերբերական առյուծ

Բերբերական առյուծ, Ատլասյան առյուծ, հյուսիս-աֆրիկյան առյուծ կամ եգիպտական առյուծ։ Այս բոլոր անունները բնորոշ են Առյուծների անհետացած տեսակին, որը մինչև 1925թ-ը բնակեցրել է Աֆրիկայի հյուսիսային շրջանները։ Հռոմեական Կոլիզեումում անցկացվող խաղերի ժամանակ հանդես են եկել հենց Բերբերական առյուծները, քանի որ Աֆրիկայի հյուսիսը մտնում էր Հռոմեական կայսրության կազմի մեջ։

Բերբերական առյուծի ցեղատեսակի վերջին կենդանին արձանագրվել է 1925թ-ին ֆրանսիացի լուսանկարչի արած կադրում, որից հետո այս կենդանիների գոյության մասին որևէ փաստական ապացույց երբեք չի ներկայացվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում