Հովհաննես Այվազովսկի․ Մեծ ծովանկարիչը
Նմանատիպ
1817թ-ի հուլիսի 29-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ծնվել է նշանավոր հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Նա ծնվել է աղքատ հայկական ընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։
Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը Այվազովսկուն պարգևատրել է շքանշանով, սակայն երբ Թուրքիայում 1890-ական թթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել է ծովը։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Ծովանկարիչը որպես ժառանգություն թողնել է շուրջ 6000 կտավ։ Նա աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։
Պատկերել է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել է ծովային տարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ու արևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրա խայտացող լուսնի լույսը։
Հայկական ջարդերն ու Այվազովսկու անավարտ կտավը
Օսմանյան Թուրքիայում հայերի համիդյան ջարդերը 1894-96թթ-ին և դրանց ողբերգական հետևանքները մեծ հետք էին թողել հայազգի ծովանկարչի հոգում։ 1900թ-ին կոտորածներից փրկված հայերի ներգաղթը Ղրիմ դեռ շարունակվում էր:
Այդ տեսարանները խորապես ազդում էին արդեն ծերացած արվեստագետի վրա: Եվ նա 1900թ-ի մայիսի 2-ի առավոտյան վերցնում է վրձինը, մոտենում նկարակալին և սկսում նկարել մի նոր սյուժետային պատկեր, որի էսքիզը գրիչով նա գծանկարել էր նախորդ երեկոյան, ճաշասեղանի վրա դրված մի թերթիկի վրա: Նկարիչն աշխատում էր լարված, հուզված և վրդովված: Նա ուզում էր հենց նույն օրն ավարտել և անվանեց այն «Թուրքական նավի պայթյունը»:
Ավելի քան երկու ժամ անընդմեջ աշխատելով՝ Այվազովսկին արդեն նկարել էր խաղաղ ծովի մակերեսը, անամպ երկնակամարը և կոմպոզիցիայի մեջտեղում պայթած ռազմանավի հրեղեն բոցերը: Թուրքական մեծ, եռահարկ ռազմանավը պայթել է, և նրա միջից հրդեհի հրեղեն բոցերը հրաբխի պես ժայթքել են վեր՝ դեպի երկինք, որտեղ ծխի սև քուլաներն ամպերի նման ծածկել են երկնակամարը: Այդ հրեղեն բոցերի հետ ուժեղ պայթյունից օդ են նետվել նավի այրվող տախտակյա մասերը: Ռազմանավի եզրերին հազիվ երևացող մարդկանց մանր ֆիգուրները՝ թուրք զինվորները, իրարանցման մեջ են: Բայց նրանց փրկություն չկա: Պայթած նավի հրդեհը, որը ուժեղ ընդգծված է նկարում, կլանել է բոլորին: Այդ ամենը դատապարտված է կործանման: Այս է «Թուրքական նավի պայթյունը» պատկերի գաղափարական իմաստը:
Հովհաննես Այվազովսկին մահացել է 1900թ. մայիսի 2-ի երեկոյան՝ Թեոդոսիայում, իր տանը: Իսկ նրա վերջին կտավը՝ «Թուրքական նավի պայթյունը», մնացել է անավարտ: Այն պահվում է Թեոդոսիայի ազգային պատկերասրահում։