Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու հարազատները մինչև հիմա նրա հետ կապ չեն հաստատել
Նմանատիպ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու ճանապարհին Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի հարազատները նրա հետ կապ չեն կարողացել հաստատել, տեղեկություն չունեն նրա մասին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ով Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիա է իրականացնում՝ հորն ադրբեջանական գերությունից հետ բերելու խնդրանքով:
Վերա Խաչատրյանը Քաշաթաղի շրջանից է, տեղահանված է, վերջին 3 տարիներին բնակվում է Ջերմուկում: «Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ: Քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում: Խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, սիրելի հայրենակիցներ: Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է, Արցախն ու Հայաստանն է Ադրբեջանում»,-ասել է նա։
Վերա Խաչատրյանը պատմել է, որ հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան սրտի վիրահատության համար, վիրահատությունն անհրաժեշտ էր շտապ:
«Նրան ուղեկցելիս է եղել քույրս: Հակարիի կամրջի անցակետում բոլորի անձնագրերը նայում են: Երբ վերցրել են հորս անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են, որ պետք է գնա սենյակ, բժիշկը պետք է հետազոտի, հետո ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնա: Երբ քույրս խնդրել է, որ չտանեն հայրիկին, երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներից մեկը դիմադրել է, որ չտանեն հորս, իրենց ներկայությամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Եվ այդպես, հայրիկիս նստեցնելով մեքենայի մեջ, տարել են անհայտ ուղղությամբ: Հայրիկիս փաստացի առևանգել են»,-պատմեց Վերա Խաչատրյանը:
Նա նշեց՝ ոչ ինքը, ոչ հարազատներից որևէ մեկը կապ չի կարողացել հաստատել իր հոր հետ, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեն: ԿԽՄԿ-ից առաջին օրը զանգահարել են Վերայի քույրիկին, ասել, որ տեսել են հորը, Բաքվի հիվանդանոցներից մեկում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում