Մահաբեր բնություն․ 21-րդ դարի բնական աղետները
Նմանատիպ
21-րդ դարի սկիզբը նշանավորվեց խոշոր բնական արհավիրքներով, որոնք դարձան հարյուր հազարավոր մահերի պատճառ։ Times-ը ներկայացնում է նորագույն պատմության ամենամահաբեր 6 բնական աղետները՝ ժամանակային հաջորդականությամբ։
1․Ցունամին Հնդկական օվկիանոսում․ 2004
2004 թվականի Հնդկական օվկիանոսում ավերիչ ցունամին դարձավ պատմության մեջ ամենամահացու բնական աղետներից մեկը։ Ինդոնեզական Սումատրա կղզու ափերի մոտ 2004թ-ի դեկտեմբերի 26-ին գրանցված 9․1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը առաջացրեց հզոր ցունամի, որն ավերեց Հնդկական Օվկիանոսի ավազանի Ավստրալիայի, Ասիայի և Աֆրիկայի 18 պետությունների առափնյա շրջանները։ Սա մոլորակի մասշտաբով բացառիկ աղետ էր․ ցունամին հարվածել էր Մադագասկարից մինչև Ավստրալիա, Ինդոնեզիայից մինչև Օման, Սոմալիից մինչև Հնդկաստան։ Առավել շատ տուժած երկրների ցանկում էին Ինդոնեզիան, Թայլանդը, Հնդկաստանը, Մյանմարը, Մալազիան և էպիկենտրոնին մոտ երկրները։ Աղետի հետևանքով զոհվեց ավելի քան 230 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ զրկվեցին իրենց տներից։
2. Կատրինա փոթորիկ․ 2005
Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած այս փոթորիկը հասավ ամենաբարձր՝ 5-րդ կատեգորիայի ուժգնության և կաթվածահար արեց ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափերը։ Մասնավորապես տուժեց Նոր Օռլեան քաղաքը, որն ամբողջությամբ ջրածածկ էր եղել, իսկ նրա հարյուր հազարավոր բնակիչներ տարհանվել էին։ Ահռելի մասշտաբների ավերածություններ առաջացրած փոթորիկը դարձավ 1200 մարդու մահվան պատճառ։
3. Երկրաշարժ Հայիթիում․ 2010
Հայիթին աղքատ կղզի պետություն է Կարիբյան ծովի ավազանում։ 2010թ-ի հունվարի 12-ին 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հիմնահատակ ավերեց մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսը։ Աղետի մասշտաբներն աներևակայելի էին։ Ամբողջ աշխարը օգնության շտապեց բնական արհավիրքի հետևանքները հաղթահարելու համար։ Երկրաշարժի հետևանքով զոհվեց 230․000 մարդ։
4․Ֆուկուսիմայի վթար․ 2011
2011թ-ին Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափերի մոտ տեղի ունեցավ 9 մագնիտուդ ուժգնությամբ գերհզոր երկրաշարժը, որի հետևանքով առաջացած ցունամիները ողբերգական հետևանքներ առաջացրին Ճոպոնիայի առափնյա բնակավայրերում՝ վնասելով Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրակայանի հովացման համակարգը։ Սա դարձավ միջուկային աղետի պատճառ։ Ատոմակայանում առաջացած հրդեհը մարելու և ռադիոակտիվ արտանետումներ թույլ չտալու համար հսկայական ջանքեր գործադրվեցին։ Արդյունքում աղետի հետևանքով զոհվեց ավելի քան 15․000 մարդ։
5. Անոմալ շոգեր Հնդկաստանում․ 2015
2015թ-ի մայիսին Հնդկաստանում գրանցվեց նորագույն պատմության ամենամահաբեր շոգերից մեկը։ Որոշ շրջաններում բարձր ջերմաստիճանը օրեր շարունակ չէր իջնում 45 աստիճան Ցելսիուսից, ինչի հետևանքով մահացավ ավելի քան 2500 մարդ:
6․ Երկրաշարժ Թուրքիայում․ 2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 2023թ-ի փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի ունեցան՝ առաջացնելով մասշտաբային ավերածություններ և պատճառ դառնալով տասնյակ հազարավոր մարդկանց մահվան։
Ստորերկրյա ցնցումները զգացվել էին երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։ Սիրիայում ևս երկրաշարժի հետևանքով զոհեր գրանցվեցին։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի զոհերի թիվը միայն Թուրքիայում գերազանցեց 50․000-ը, միլիոնավոր մարդիկ մնացին անօթևան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում