Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը. Արայիկ Հարությունյան

2020 թվականի պատերազմը, ցավոք, այլ իրականություն էր, քանի որ Ադրբեջանի հետ միասին դրան մասնակցում էին Թուրքիան, հազարավոր վարձկաններ, օժանդակում էին մի շարք այլ պետություններ, իսկ Արցախը, իհարկե Հայաստանի հետ էր, բայց հիմնական ծանրությունը հասցվեց Արցախին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դրանք էին հիմնական պատճառները, որոնց հետևանքով կնքվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Սկզբնական փուլում այն չընկալվեց հասարակության կողմից, բայց պատերազմի արդյունքներից ելնելով, մեզ համար ընդունելի հայտարարություն էր: Այն մեզ հուսադրում էր, որ կլինեն երաշխիքներ, կա տարածք՝ Լեռնային Ղարաբաղ ձևակերպմամբ, շփման գիծ, անխափան կապ Հայաստանի Հանրապետության հետ։ Դրանք հենման կետեր էին, որ պետք է ապահովեին հետագա մեր պայքարը ինքնորոշման իրավունքի առումով։ Ի՞նչ փոխվեց։ Սկզբնական փուլում, իհարկե, մենք վստահեցինք՝ մանավանդ, որ դրա տակ կային Ռուսաստանի Դաշնության նախագահի,Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի նախագահի ստորագրությունները: Սկսեցինք ակտիվ վերականգնել պատերազմի կրած վնասները, զարգացնել տնտեսությունը: Վերադարձավ մեր հայրենակիցների մեծ մասը: Իրենց ապագան Արցախի հետ կապում էին նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցները»,- մանրամասնել է երկրի ղեկավարը՝ ապա շարունակելով հիշեցրեց, որ սկզբնական փուլում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հայտարարությունները կարծես ցույց էին տալիս, որ ամեն ինչ արվում էր , որպեսզի իրականանան այն կետերը, որոնք ամրագրված էին կամ այն երաշխիքները, որոնք տրված էին։

Ըստ նախագահ Հարությունյանի՝ իրավիճակը փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո: «Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի վիճակից, փորձում էր ստիպել մեզ, այսպես ասած, հրաժարվել այդ հայտարարության կետերի՝ մեզ տրված իրավունքներից և երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով։ Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ խնդրանքներ, նամակներ են հղվել առաջին հերթին Ռուսաստանի ղեկավարին, Հայաստանի վարչապետին, միջազգային բոլոր դերակատարներին, և այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք դրա մասին զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն»,- ներկայացրել է հանրապետության նախագահը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից և շարունակել պատերազմը:

«Սա արդեն պատերազմ է, պատերազմի շարունակություն պաշարման միջոցով։ Ադրբեջանը ցանկանում է Արցախը դարձնելով մեծ համակենտրոնացման ճամբար՝ իրականացնել ցեղասպանություն»,- շեշտեց Հարությունյանը։

Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որն արել է Բրյուսելում եռակողմ հանդիպումից առաջ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Զանգեզուրի, իր ձևակերպմամբ, միջանցքը պետք է աշխատի Լաչինի միջանցքի տրամաբանության շրջանակներում։

«Առաջին փուլում դրա վրա ուշադրություն չենք դարձրել: Մենք մտածում էինք՝ հայտարարության նպատակն է՝ ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա ՝ ստանալով առավելագույնը եռակողմ հայտարարության 9-րդ կետից, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, մանավանդ որ նշված էր Նախիջևանի և Ադրբեջանի հետ կապի մասին։ Կարող եմ նաև այսօր հայտարարել, որ Ադրբեջանը շարունակում է իր ճնշումներրը՝ առավելագույնը կորզելու։ Մենք պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին ինչ-որ տեղ նաև պատանդի կարգավիճակով պահելու ցանկություն ունի՝ զուգահեռաբար իրականացնելով ցեղասպանություն։ Ադրբեջանը ցանկանում է նաև ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների և միջազգային դերակատարների վրա՝ Զանգեզուրի ճանապարհի առավել արտոնյալ տարբերակ ունենալու համար»,- մանրամասնել է Հարությունյանը։

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունից՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն չպետք է լինի պարտադրված։

«Տպավորություն է, որ կա լուռ համաձայնություն մեզ թողնել Ադրբեջանի հետ մեն մենակ։ Առաջ կար Ադրբեջանի հետ երկխոսություն, սակայն այն ժամանակ հարգում էին մեր արժանապատվությունը, հասկանում էին, որ ունենք իրավունքներ»,- նշել է Արցախի նախագահը։

Անդրադառնալով Արցախում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին՝ նա հայտնել է, որ տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։

«Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»,- ներկայացրել է հանրապետության ղեկավարը։

Խոսելով սննդի և մնացած այլ ապրանքների խնդրից՝ Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախի Հանրապետությունը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի։ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։

Նախագահ Հարությունյանի խոսքով` տասնյակ հազար մարդկանց, որոնք զրկվել են եկամտի աղբյուրից, պետք է փոխհատուցում տրվեն։ Բացի այդ, շրջափակման հետեւանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում