Ժամանակի մեջ ձգված ու բազմակողմանի․ Պաբլո Պիկասո

Ժամանակի մեջ ձգված ու բազմակողմանի․ Պաբլո Պիկասո

Պաբլո Պիկասոն՝ բոլոր ժամանակների ամենաազդեցիկ արվեստագետներից մեկը, ով իր կարիերան սկսել է աղքատ, կյանքի ընթացքում վերածվել է իր ժամանակի ամենահարուստ նկարչի:

Ոչ բոլորին են դուր գալիս Պիկասոյի աշխատանքները, որն իր ողջ կյանքի պես բուռն, ժամանակի մեջ ձգված ու բազմակողմանի է, բայց փաստը մնում է փաստ. իսպանացի նկարչի կտավների վաճառքի գինը մեկից ավելի ռեկորդ է սահմանել աշխարհահռչակ աճուրդներում։

Պիկասոյի վաճառված աշխատանքների ընդհանուր արժեքը նրան դարձնում է աշխարհի թանկարժեք արվեստագետներից մեկն է։

Խոսքը մեկ միլիարդ դոլարից ավելի գումարի մասին է, որը նույնիսկ դժվար է պատկերացնել՝ իմանալով, որ 1900-ականների սկզբին Փարիզում, ուր Պիկասոն տեղափոխվեց Բարսելոնայից, նա ստիպված եղավ կոպեկներով վաճառել իր իրերը, որոնք հազիվ բավական էին սննդի համար:

Ներկայացնում ենք Պաբլո Պիկասոյի  ամենաթանկ վաճառված կտավների Թոփ 5-ը։

1․ «Ալժիրցի կանայք, Տարբերակ O» (Les Femmes d’Alger (Version O)) – 179,4 միլիոն դոլար

«Ալժիրցի կանայք» 15 նկարներից և գծանկարներից բաղկացած շարք է: Պիկասոն ոգեշնչվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի 1834 թվականի կտավից՝ «Ալժիրցի կանայք իրենց սենյակներում»:

«Ալժիրցի կանայք, Տարբերակը O»-ն շարքի նկարներից վերջինն ու ամենահայտնին, որը նկարվել է 1955 թվականին։

Նկարը վաճառվել է մի քանի անգամ։ Երկրորդ անգամ կտավը աճուրդի է հանվել Նյու Յորքի Christie’s աճուրդում 2015 թվականի մայիսին։

Բոլորն ակնկալում էին, որ «Ալժիրցի կանայք» կանցնեն Ֆրենսիս Բեկոնի «Երեք էսքիզ Լյուսիան Ֆրոյդի դիմանկարի համար» կտավի սահմանած ռեկորդը՝ 142,4 միլիոն դոլար։ Արդյունքում՝ նկարը վաճառվել է 179,4 մլն դոլարով։ Գնորդն էր Կատարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանինը։

2․ «Երազ» (Le Rêve) – 155 միլիոն դոլար

«Երազ»-ը Պաբլո Պիկասոյի ամենահայտնի նկարներից մեկն է։ Հեղինակն այն վրձնել է սյուռեալիզմի ժամանակաշրջանում՝ 1932 թվականին։ Նկրիչն ընդամենը մեկ օրում պատկերել է իր 22-ամյա սիրած աղջկան՝ Մարիա-Թերեզա Վալտերին։

Կտավը 7000 դոլարով գնվել է 1941 թվականին գործարար և կոլեկցիոներ Վիկտոր Գանցի և նրա կնոջ՝ Սալլիի կողմից։

Գանցի մահից հետո հավաքածուն վաճառվել է Christie’s-ում 1997 թվականի նոյեմբերի 11-ին։ Այդ ժամանակ «Երազ» կտավը արժեցել է 48,4 միլիոն դոլար՝ դառնալով իր ժամանակի ամենաթանկ նկարը։

2006 թվականին նկարը դարձավ շատ քննարկվող սկանդալի մաս։ Aquawell պատկերասրահում՝ կտավի վաճառքի նախօրեին, հյուրերին գլուխգործոցը անհարմար ցուցադրելու արդյունքում, կտավի սեփականատերը՝ Սթիվ Ուինն արմունկով հարվածեց նկարին և պատռեց այն։

2013 թվականի մարտի 26-ին, ըստ New York Post-ի, Սթիվեն Ա. Քոհենը նկարը գնել է Ուինից 155 միլիոն դոլարով։

3․ «Ծաղիկների զամբյուղով երիտասարդ աղջիկը» (Jeune fille nue avec panier de fleurs) – 115 մլն դոլար

«Ծաղիկների զամբյուղով երիտասարդ աղջիկը» նկարը նկարվել է 1905 թվականի աշնանը, երբ Պիկասոն վեց շաբաթ հոլանդական գյուղերում անցկացնելուց հետո վերադարձավ Փարիզ։

Մոդելը երիտասարդ աղջիկ էր, ով աշխատում էր որպես ծաղկավաճառ, իսկ գիշերները զբաղվում էրորպես մարմնավաճառությամբ։

Այս ստեղծագործության, ինչպես նաև այդ շրջանի այլ կտավների համար, հատկանշական է երիտասարդ անմեղության և, միևնույն ժամանակ, բոլորովին չափահաս մարդուն բնորոշ մեղսակության համադրությունը։

Նկարի աղջիկը հայտնի էր «Լինդա ծաղկի աղջիկ» մականունով։ Որպես բնորդուհի է հանդես եկել ոչ միայն Պիկասոյի համար, այլև Ամադեո Մոդիլիանիի։

4․ «Մերկ կինը, կանաչ տերևներ և կուրծք» (Nu au Plateau de Sculpteur) – 106,482,500 դոլար

1932 թվականի սյուրռեալիստական ​​նկարների շարքից մեկն է, որտեղ Պաբլո Պիկասոն իր սովորական հնարամտությամբ պատկերեց իր նոր սիրուհուն՝ Մարի-Թերեզ Վալտերին։

Այս նկարը վրձնել է իր կնոջից՝ Օլգա Խոխլովայից գաղտնի, Փարիզի մերձակայքում գտնվող Բուաջելուում՝ սիրուհու հետ գտնվելու ժամանակ:

1936 թվականին կտավը ձեռք է բերել նյույորքցի գործարար Փոլ Ռոզենբերգը, որից հետո 1951 թվականին այն մասնավոր կերպով վաճառվել է ամերիկացի կոլեկցիոներ Սիդնի Ֆ. Բրոուդիին։

Բրոուդիի մահից հետո նկարը աճուրդի է հանվել Christie’s աճուրդի տան կողմից 2010 թվականի մարտին և այնուհետև վաճառվել անհայտ կոլեկցիոների 106,482,500 դոլարով։

5․ «Ծխամորճով տղան» (Garçon à la pipe) – 104 միլիոն դոլար

Պիկասոն այս կտավը նկարել է Մոնմարտրի Bateau Lavoir հանրակացարանում 1905 թվականին, երբ ընդամենը 24 տարեկան էր։ Այն պատկերում է մի անծանոթ տղայի՝ վարդերի ծաղկեպսակի մեջ՝ ձախ ձեռքում ծխամորճ։

Դիմանկարը երկար ժամանակ եղել է ամերիկացի կոլեկցիոներ Ջ. Ուիթնիի հավաքածուում։ Երբ հավաքածուն 2004 թվականին դրվեց վաճառքի, «Ծխամորճով տղան» Sotheby’s-ի աճուրդում գրանցեց ռեկորդ և վաճառվեց 104 միլիոն դոլարով՝ գերազանցելով Վան Գոգի «Դոկտոր Գաչետի դիմանկարը» կտավի 15 տարվա վաղեմության ռեկորդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում