ՀՀ–ն մեր մերձավոր դաշնակիցներից է Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկն է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին երկկողմ պայմանագրի ստորագրման 26-ամյակի առթիվ։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ 1997 թվականի այս օրը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը: Փաստաթուղթը սկիզբ է դրել միջպետական կապերի ժամանակակից փուլին։
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել բարեկամության և համակողմանի համագործակցության ավանդական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում: Երկրները նաև պարտավորվել են փոխգործակցել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ամբողջ աշխարհում կայունության և անվտանգության ավելացման գործում:
«Պայմանագրի ստորագրումը պայմաններ է ստեղծել ռուս–հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ում նշել են, որ ռուս-հայկական կապերը շարունակում են զարգանալ 1997 թվականի պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա: Դրանց թվում են պետական ինքնիշխանության և անկախության նկատմամբ փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում