Տնտեսվարողները բողոքում են Wildberries–ի դեմ

Տնտեսվարողները բողոքում են Wildberries–ի դեմ

Տնտեսվարողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության մոտ` բողոքելով Wildberries ընկերության գործունեության դեմ։ Նրանք Wildberries–ին մեղադրում են իրենց առևտրին խոչընդոտելու համար։

«Դպրոցի սեզոնին Wildberries–ից գնումների պատճառով ապրանքների 80 տոկոսը չի վաճառվել», –ասել է «Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամներից Արման Թումասյանը։

Նրանք բողոքում են, որ ընկերությունից գնումների պատճառով տնտեսվարողները կարող են կանգնել սնանկացման եզրին։

«Wildberries–ը փլուզելու է մեր փոքր բիզնեսը, դրա հետևից պայթելու է բանկային համակարգը, որովհետև բանկերը միլիարդավոր դոլարներ ներդրել են բիզնեսի մեջ, ո՞վ է իրենց փողերը տալու։ Ոչ ոք չի պատրաստվում իր ունեցվածքը տալ բանկին։ Ամեն քաղաքացի 5 տարին մեկ իրավունք ունի սնանկ ճանաչվելու»,- նշել է տնտեսվարող Արման Թումասյանը։

Նրանք դիմում են պետությանը իրենց համար Wildberries–ին հավասար պայմաններ ստեղծելու կամ ընկերությանը երկրից հանելու համար։

«Wildberries-ի գումարները բոլորը մտնում է Ռուսաստան, իսկ մեր վճարումները մեր պետությունն ու բանակն է պահում։ Իրենք խփում են մեր գործին, մենք օրերով ոչինչ չենք անում։ Այդպես չի լինի, անհապաղ միջոցներ է պետք ձեռնարկել, սա ոչ թե մեր գրպանին, այլ պետության գրպանին է խփում»,–ասել է մեկ այլ տնտեսվարող։

Նշենք, որ Wildberries ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից է։ Վերջին 6 ամսում ընկերություն ՀՀ բյուջե է մուծել 3600 մլն դրամ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։

Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Wildberries-ից արձագանքել են և վերացրել են տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում