Wildberries-ից հնարավոր չի լինի «զարտուղի» տարբերակով գնումներ կատարել

Wildberries-ից հնարավոր չի լինի «զարտուղի» տարբերակով գնումներ կատարել

Wildberries-ը վերացրել է տեխնիկական խնդիրը, որի պատճառով Հայաստանի տարածքում ապրանքների մի մասը վաճառվում էր ռուսական հավելվածում առկա ցածր գնով:

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Wildberries–ի մամուլի ծառայությունից։

«Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերում: Առաջիկայում աշխատանքները վերջնականապես կավարտվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ իրենց համար կարևոր է տեղական բիզնեսի հետ հետադարձ կապը, և իրենց ռազմավարության մեջ ձգտում են հաշվի առնել տեղական արտադրողի կամքը և կատարելագործել նրանց բիզնես գործունեությունը:

Wildberries–ից նշում են, որ 2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից վաճառվել է 4,5 մլրդ դրամի ապրանք։

Նշենք, որ սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում