Գերմանիան և ԱՄՆ-ն դատապարտել են Ուկրաինայում ռուսական «ընտրությունները»

Գերմանիան և ԱՄՆ-ն դատապարտել են Ուկրաինայում ռուսական «ընտրությունները»

Գերմանիայի և ԱՄՆ-ի կառավարությունը դատապարտել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում տեղի ունեցող «տեղական և տարածաշրջանային ընտրությունները»։

Ռուսաստանը պարտադրում է «քվեարկություն» անց կացնել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, Ղրիմում, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի որոշ շրջաններում, սակայն դա «ոչ այլ ինչ է, քան հեշտ նկատելի քարոզչական գործողություն»։ Այս մասին հայտարարելէ Գերմանիայի ԱԳՆ-ն։

X միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բեռլինը չի ճանաչում «Ռուսաստանի կողմից հողեր զավթելու փորձը» և շարունակվող «քվեարկությունը» համարում է «ընտրությունների իմիտացիա»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի որևէ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այսպես կոչված «ընտրություններն» Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի Դաշնությունն անցկացնում է այս շրջաններում կեղծ «հանրաքվեների» կազմակերպումից մեկ տարի անց, իսկ Ղրիմի ու Սևաստոպոլի բռնակցումից ինը տարի անց, հիշեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

Նա զգուշացրել է, որ նման «քվեարկությանը» աջակցողների դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։

Բլինկենի խոսքով՝ «քվեարկությանը» բացահայտ անհարգալից վերաբերմունք է ՄԱԿ-ի կանոնադրության և դրա սկզբունքների նկատմամբ, ինչպիսիք են՝ պետական ​​ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելը, որոնք էլ ընկած են համաշխարհային անվտանգության և կայունության հիմքում։

«Կրեմլը հուսով է, որ այս կանխորոշված, շինծու արդյունքները կուժեղացնեն Ռուսաստանի անօրինական հավակնությունները Ուկրաինայի այն հատվածների նկատմամբ, որոնք նա գրավել է, բայց դա ոչ այլ ինչ է, քան քարոզչական վարժություն»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում