Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով հասել է Արցախ

Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով հասել է Արցախ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով հումանիտար բեռը Արցախի իշխանության թույլտվությամբ Ասկերան քաղաքով մուտք է գործել Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ռուսական Կարմիր խաչը սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամի) ճանապարհով։ Սեպտեմբերի 9–ին` ժամը 14:30-ին, պարենային և ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:

«Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես էր եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում